ԵՆՀ շահառուների այցն ԷյԹիՓի բարեգործական հիմնադրամ

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ 2015-2016» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 26-ին և 29-ին կազմակերպեց ճանաչողական և ուսուցողական այց «Էյ-Թի-ՓԻ» բարեգործական  հիմնադրամ: Ընդգրկված էին Երևանի թիվ 103 և 127 ավագ դպրոցների, Ապարանի շրջանի Ափնա ու Վարդենուտ, Թալինի շրջանի Աշնակ և Նոր Բազմաբերդ, Ալավերդու շրջանի Աքորի, Ստեփանավանի շրջանի Հոբարձի, Ամրակից, Ուռուտ, Սվերդլով գյուղերի, ինչպես նաև Ալավերդու թիվ 28 և 9 միջնակարգ դպրոցների բանավեճի ակումբների անդամները: Ընդհանուր հաշվով մասնակցություն ունեցան 49 աշակերտ և 5 ուսուցիչ:  


Հանդիպումը նվիրված  էր բնապահպանական մարդածին խնդիրներին՝ շրջակա միջավայրի աղտոտվածությանը, կլիմայական փոփոխություններին: Եղան ակտիվ քննարկումներ, կառուցողական առաջարկներ: Աշակերտներից մեկն առաջարկեց օգտագործել արևի էներգիան, քանի որ վերջինիս օգտագործումը կնպաստի շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցմանը: Մեկ այլ աշակերտ կլիմայի փոփոխության խնդրի հետ կապված առաջարկեց կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, քանի որ դրանց կրճատումը կարևոր դեր կխաղա կլիմայի գլոբալ փոփոխությունների լուծման հարցում: Հանդիպման ավարտին աշակերտները հասկացան, որ  յուրաքանչյուրը ոք  կրում է պատասխանատվություն շրջակա միջավայրի պահպանման գործում և կարող է կարևոր դեր ունենալ բնապահպանական մարդածին խնդիրների լուծման հարցում:


Հանդիպման երկրորդ մասում շրջայց կատարվեց տնկարանում, որտեղ աշակերտներին ներկայացվեցին տնկիների բացառիկ տեսակներ և դրանց պահպանման և խնամքի ձևեր: Հանդիպումը բանավեճի ակումբների անդմաներին շատ ոգևորեց: Նրանք ձեռք բերեցին նոր գիտելիքներ բնապահպանության վերաբերյալ: Հանդիպումը նպաստեց հետագա համագործակցության ամրապնդմանը:   


Ցանկանում ենք հայտնել մեր երախտագիտությունը «Էյ-Թի-ՓԻ» բարեգործական հիմնադրամի աշխատակազմին`դպրոցների բանավեճի ակումբների անդամների համար արդյունավետ հանդիպում կազմակերպելու և սնունդով ապահովելու համար: 

Ծրագրի մասին ...