Նորություններ

Խաղացեք ազնիվ ծրագրի արդյունքների ներկայացում

Սույն թվականի հունիսի 27-ին տեղի ունեցավ Խաղացեք ազնիվ ծրագրի արդյունքների ներկայացումը: Ծրագրի նպատակն է խթանել մարդու իրավունքների մշակույթը Հայաստանում՝ մանուկ հասակից երեխաների մեջ սերմանելով մարդու իրավունքների արժեքները և սկզբունքները: Ծրագիրն իրականացվել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում տրվեց ծրագրի ամփոփ նկարագիրը և ներկայացվեցին ծրագրի արդյունքները, որին հաջորդեց Խաղացեք ազնիվ ծրագրի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը: Հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Կրթության ազգային ինստիտուտից, տեղական և միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև ծրագրի շահառու հանդիսացող դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ և ծնողներ: Ներկաները հնարավորություն ունեցան իրենց կարծիքն արտահայտել ծրագրի վերաբերյալ, հանդես գալ նոր առաջարկություններով և ներկայացնել իրենց տեսլականը ծրագրի ապագա ընթացքի վերաբերյալ:

 

Համայնքային զարգացման դրամաշնորհային ծրագրերի մրցույթի հայտարարություն

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ), իր Համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում համագործակցելով «Վորլդ Վիժն»  Հայաստան կազմակերպության հետ,  (այսուհետ` ՎՎ Հայաստան) իրականացնում է «Վարդենիսի զարգացման նախաձեռնություն 2016-2018» ծրագիրը  (ՎԶՆ 2016-18 ծրագիր): Ելնելով Վարդենիսի տարածաշրջանի համայնքների զարգացմանն ուղղված իրենց ռազմավարական նպատակներից՝ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը և ՎՎ Հայաստան կազմակերպությունը ՎԶՆ Ծրագրի  շրջանակներում` ներհամայնքային քաղաքացիական նախաձեռնությունները խթանելու նպատակով հայտարարում են Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ Վարդենիսի տարածաշրջանի՝ Ազատ, Ախպրաձոր, Այրք, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Կախակն, Կութ, Կուտական, Մաքենիս, Նորաբակ, Նորակերտ, Շատջրեք, Գեղամասար, Գեղաքար, Դարանակ, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծափաթաղ, Շատվան, Ջաղացաձոր, Վանևան, Տորֆավան, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ գյուղական համայնքներում:

Ավելին...

Համակարգչային ծրագրավորման դասընթացներ

«Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Ինժեներական լաբորատորիայի հիմնում Ստեփանավանում» ծրագրի ներքո հայտարարում է «Համակարգչային ծրագրավորում և ինժեներական հմտություններ» դասընթացի ընդունելություն Ստեփանավան քաղաքում։ 

Դասընթացների նպատակն է մասնակիցներին ապահովել Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ գործնական ունակություններով, ծանոթացնել ժամանակակից ՏՏ ընկերությունների արտադրական գործընթացին։

Տեսական դասընթացը կտևի վեց ամիս, որին կհաջորդեն երկամսյա գործնական պարապմունքներ գործընկեր ՏՏ ընկերություններում։ 

Դասընթացներն անվճար են և կանցկացվեն Ստեփանավան քաղաքում` շաբաթական  5 օր, օրական 4 ժամ ծանրաբեռնվածությամբ՝ սկսած ժամը 15․00-ից։ Դասընթացների նախնական մեկնարկը դեռևս որոշման փուլում է:

Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել 18–55 տարեկան բոլոր ցանկացողները Ստեփանավան, Տաշիր քաղաքներից և շրջակա գյուղերից: Դասընթացների մասնակիցների ընտրությունը կկատարվի համապատասխան մասնագետների կողմից՝ հարցազրույցի միջոցով: Նախընտրություն կտրվի հետևյալ հմտություններով օժտված դիմորդներին՝ որևէ ծրագրավորման լեզվի տիրապետում, անգլերեն լեզվի իմացություն, բարձրագույն մաթեմատիկայի բավարար տիրապետում, տրամաբանություն։ 

Ծրագիրը խրախուսում է 40-55 տարեկան բնագիտական մասնագիտություն ունեցող դիմորդների մասնակցությունը:  

Ընդունելության համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական info@instigate.training էլ. հասցեին, իսկ կրկնօրինակը /CC/ jmf@jinishian.am էլ. հասցեին: Առավելություն կտրվի հնարավորինս կարճ ժամկետներում դիմած դիմորդներին: 

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060 46-47-00 (ներքին՝ 1016) կամ 010 54 44 17 հեռախոսահամարով։

«Ինստիգեյթ ուսումնական կենտրոնը» (http://ggg.instigate.training) հիմնվել է 2004թ. և ներկայումս գործում է 12 քաղաքում։ Իրականացվող դասընթացները նպաստում են տարածաշրջանում ՏՏ ոլորտի զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը։ 2005-2012թթ.10 քաղաքում գործել են ՏՏ ոլորտի ընկերություններ, որոնց աշխատակիցները կենտրոնի դասընթացների շրջանավարտներն են։  

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը (ՋՀՀ) Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1993թ: Այդ ժամանակվանից ի վեր՝ ՋՀՀ-ն օժանդակում է Հայաստանում սոցիալական և տնտեսական խնդիրներին ուղղված տևական լուծումներ առաջարկող միջոցառումներին` առողջապահական, քաղաքացիական հասարակության, կրթական, տնտեսական զարգացման և համայնքային զարգացման ծրագրերի միջոցով:

Կարևոր նշանակություն` լրացուցիչ կրթական ծրագրերին

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ամերիկյան գրասենյակի տնօրեն Էլիզա Մինասյանին և նույն հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանին: Ողջունելով հյուրերին` Լևոն Մկրտչյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի դպրոցներում լրացուցիչ կրթության ապահովման ուղղությամբ տարվող «Ջինիշյան» հիմնադրամի գործունեությունից: «Հանրակրթության ոլորտում նախատեսվող բարեփոխումների շրջանակում կարևոր նշանակություն է տրվելու լրացուցիչ կրթական ծրագրերին և այս համատեքստում առաջնային է դպրոցներում արդեն քննություն բռնած ծրագրերի փորձի ուսումնասիրությունը»,-նշել է Լևոն Մկրտչյանը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ջինիշյան հիշատակի հիմնադրամը 23-36 տարեկան սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է արտոնյալ վարկ ստանալու հնարավորություն:

Արտոնյալ վարկի հիմնական պայմաններն են`
•    մինչև 5 մլն դրամ
•    4 % տարեկան տոկոսադրույք
•    առավելագույնը 5 տարի մարման ժամկետ

Հիմնադրամը նպատակ ունի խրախուսելու Լոռվա մարզի Ստեփանավանի, Տաշիրի, Ալավերդու, Թումանյանի, Ախթալայի տարածաշրջանում ձեռնարկատիրական գործունեությունը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծումը:  
Սկսնակ և գործող ձեռներեցները, որոնք կանցնեն ընտրության առաջին փուլը, կվերապատրաստվեն, իսկ առավելագույն մրցունակ բիզնես-առաջարկները կվարկավորվեն: Առաջնությունը կտրվի իրատեսական և նորարարական գաղափարներով բիզնես- առաջարկներին:

Ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքների համար վարկ չի տրամադրվի: 

Դիմումի ձևը և մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել Վորլդ Վիժն տարածքային զարգացման ծրագրի գրասենյակ` ք. Ալավերդի, 5 Ջրավազանի փ. հասցեով: Կոնտակտային անձ` Վահրամ Պետրոսյան, հեռախոսահամար`095 005265 կամ ՋՀՀ տարածքային գրասենյակ` ք. Ստեփանավան, 2/2 Միլիոնի փ. 1901 հասցեով: Կոնտակտային անձ` Արամ Փանոսյան, հեռախոսահամար` 095 005335: 

Դիմումի ձևը կարող եք ներբեռնել նաև http://jinishian.org/announcement-arm կայքից: Լրացված դիմումները փակ ծրարով ներկայացնել վերոնշյալ հասցեներից մեկով: Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է 2016 թ-ի մարտի 8-ը: 

ԵՆՀ 2015-2016 ծրագրի շահառուները մասնակցեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված քաղաքացիական սեմինարներին

Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ ծրագրի Սիսիան և Կապան քաղաքների, ինչպես նաև Շաքի և Բռնակոթ գյուղերի դպրոցների բանավեճի ակումբների անդամները հոկտեմբերի 28-ին այցելության էին եկել ՄԱԿ-ի գրասենյակ: Նրանք առաջին անգամ էին այցելում ՄԱԿ-ի գրասենյակ: ՄԱԿ ՀՏՎ իրազեկման գծով պատասխանատու Հասմիկ Սարգսյանը սիրով ծանոթացրեց աշակերտներին ՄԱԿ-ի գործունեության հետ, ներկայացրեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի պատմությունը: Աշակերտներն ուշի ուշով հետևում էին 1992 թվականի դեկտեմբերից  ի վեր Հայաստանում իրականացրած ՄԱԿ-ի ծրագրերին և արդյունքներին: 1992 թվականի մարտի 2-ին Հայաստանն անդամակցել է ՄԱԿ-ին, ստորագրել  և վավերացրել է միջազգային մի շարք պայմանագրեր: ՄԱԿ-ի հայաստանյան թիմը, որը գլխավորում է ՄԱԿ-ի մշտական համակարգողը, կազմված 15 մասնագիտացված գործակալություններից, հիմնադրամներից և ծրագրերից` մինչ այսօր իրականացնում է բազմաթիվ ծրագրեր սկսած ծայրահեղ աղքատության կրճատմանն ուղղված ծրագրերից մինչև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, գենդերային բռնության, մայրական մահացության կրճատման, ներառական կրթության ներմուծմանն ուղղված ծրագրեր:

ԵՆՀ 2015-2016 ծրագրի շահառուները մասնակցեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակում կազմակերպված քաղաքացիական սեմինարներին

Հոկտեմբերի 26-ին և 27-ին ԵԱՀԿ գրասենյակի նախասրահը լի էր դպրոցականներով: Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ ծրագրի Մասիսի, Աշտարակի, Սիսիանի և Կապանի բանավեճի ակումբի անդամներն այցելության էին եկել ԵԱՀԿ գրասենյակ: ԵԱՀԿ-ի մասին դպրոցականներն առաջին անգամը  չէ, որ լսում էին: Նրանք տեղեկացված էին ԵԱՀԿ-ի գործունեության մասին, բայց այլ է, երբ անձամբ ես այցելում գրասենյակ, շփվում աշխատակիցների հետ, մի քանի ժամով գրասենյակի ներսում զգում աշխատանքի ռիթմը:

ԵՆՀ շահառուների այցն Ազգային ժողով

Սույն թվականի հոկտեմբերի 27–ին ՋՀՀ-ն իր «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում կազմակերպեց այց դեպի Ազգային ժողով Գավառի թիվ 1, թիվ 2 և ավագ դպրոցների, Կարմիրգյուղի թիվ 1, Վարդենիսի թիվ 3 դպրոցների, Կարճաղբյուրի և Ծովակի միջնակարգ  դպրոցների, Գյումրու թիվ 42 դպրոցի, Մարմաշենի, Ցողամարգի և Արեգնադեմի միջնակարգ դպրոցների բանավեճի ակումբների անդամների համար: Այցելության ընթացքում գրադարանի տնօրեն Ֆաթմա Խաչատրյանն աշակերտներին ներկայացրեց Ազգային ժողովի պատմությունը, որից հետո աշակերտները շրջեցին խորհրդարանի շենքում և ներկա գտնվեցին ԱԺ նիստին` ականատես լինելով որոշ պատգամավորների ելույթներին:   

Այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ: Հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահը ներկայացրեց հանձնաժողովի գործունեության ոլորտները, ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատակարգն ու օրենսդրական նախաձեռնությունների մշակման և որոշումների կայացման ընթացակարգերը, օրենսդիր մարմնի գործունեությունը և լիազորությունները: Նա նաև անդրադարձավ հանրային հետաքրքրություն ներկայացնող սահմանադրական բարեփոխումների գործընթացին, նախագծի ընձեռած հնարավորություններին: Հանդիպման ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Արտակ Դավթյանին և ստացան սպառիչ պատասխաններ:

ԵՆՀ շահառուների այցն Ազգային ժողով

Դեկտեմբերի 8–ին «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամն իր «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում կազմակերպեց այց Ազգային ժողով Ճամբարակի թիվ 2, թիվ 4 դպրոցների, Մարտունի, Գետիկ, Մեծ Մասրիկ և Աչաջուր գյուղերի դպրոցների բանավեճի ակումբների անդամների համար: Այցելության ընթացքում Տեղեկատվական վարչության պետ Մարուսյա Ասատրյանն աշակերտներին ներկայացրեց Ազգային ժողովի պատմությունը, որից հետո աշակերտները շրջեցին խորհրդարանի շենքում և ներկա գտնվեցին ԱԺ նիստերի դահլիճում ընթացող գալիք տարվա պետական բյուջեի նախագծի քննարկմանը:

Այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: Հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահը ներկայացրեց հանրապետության օրենսդիր մարմնի աշխատանքը, երկրի ներքաղաքական իրավիճակը և սահմանադրական փոփոխություններից սպասվող ակնկալիքները: Հանդիպման ընթացքում աշակերտներն իրենց հարցերն  ուղղեցին Հերմինե Նաղդալյանին՝ ուղղված Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ անցկացված հանրաքվեին և կրթական ոլորտում առկա խնդիրներին:

ԵՆՀ շահառուների այցն ԷյԹիՓի բարեգործական հիմնադրամ

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ 2015-2016» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 26-ին և 29-ին կազմակերպեց ճանաչողական և ուսուցողական այց «Էյ-Թի-ՓԻ» բարեգործական  հիմնադրամ: Ընդգրկված էին Երևանի թիվ 103 և 127 ավագ դպրոցների, Ապարանի շրջանի Ափնա ու Վարդենուտ, Թալինի շրջանի Աշնակ և Նոր Բազմաբերդ, Ալավերդու շրջանի Աքորի, Ստեփանավանի շրջանի Հոբարձի, Ամրակից, Ուռուտ, Սվերդլով գյուղերի, ինչպես նաև Ալավերդու թիվ 28 և 9 միջնակարգ դպրոցների բանավեճի ակումբների անդամները: Ընդհանուր հաշվով մասնակցություն ունեցան 49 աշակերտ և 5 ուսուցիչ:  

Pages

Subscribe to RSS - Նորություններ