Ճիշտ խնամք` առողջ կենսակերպ

Մինչև 18 տարեկան շաքարախտով հիվանդ երեխաների կյանքի որակը բարելավելու նպատակով Ջինիշյան հիշատակի հիմնադրամը նախաձեռնել է «Հայաստանում մինչև 18 տարեկան երեխաների մոտ շաքարային դիաբետի վերահսկում և կառավարում» ծրագիրը և Հայաստանի մանկական էնդոկրինոլոգիայի կենտրոնում հիմնել Շաքարախտի դպրոցը: Ոլորտի առաջատար մասնագետ Էլմիրա Փաշինյանի և կենտրոնի բուժանձնակազմի օգնությամբ մարզային մասնագետները դասընթացներ են անցնում: Շաքարախտով հիվանդ երեխաներն ու նրանց ծնողները տեղեկանում են հիվանդության հսկողության և խնամքի հիմնական կանոնների մասին, սովորում են ինքնուրույն չափել արյան մեջ շաքարի տոկոսը, ինչպես նաև ծանոթանում սթրեսի հաղթահարման միջոցներին:12-ամյա ազգությամբ հայ Սիմոն Վարդանյանը ծնվել է Իրաքում: 2005 թվականին Բաղդադում տիրող քաղաքական անկայուն վիճակի պատճառով նրանց ընտանիքը տեղափոխվեց Երևան` նոր ու երջանիկ կյանքի ակնկալիքով:

Ամեն ինչ թվում էր հիանալի էր մինչ այն չարաբաստիկ օրը, երբ Սիմոնը կորցրեց գիտակցությունը: Շտապօգնության անձնակազմը նրան տեղափոխեց հիվանդանոց, որտեղ և տրվեց ախտորոշումը` շաքարային կոմա, շաքարախտ: Սիմոնին անմիջապես տարան Մանկական էնդոկրինոլոգիայի կենտրոն, որտեղ Շաքարախտի դպրոցն է գործում: Սիմոնն իր մոր հետ սկսեց հաճախել այդ դպրոցը: Այնտեղ նրանք ծանոթացան բժիշկ Փաշինյանի հետ, հանդիպեցին շաքարային դիաբետով հիվանդ այլ երեխաների: Դպրոցում Սիմոնը մասնագիտական խորհուրդներ և հոգեբանական օժանդակություն ստացավ: ՋՀՀ ծրագրի շրջանակներում նրան տրամադրվեց նաև գլյուկոմետր: Ամեն ամիս ՀՀ առողջապահության նախարարությունը և «Շաքարախտով հիվանդ երեխաների Հայաստանյան ասոցիացիա» ՀԿ-ն անվճար ինսուլին և արյան թեսթի ժապավեններ են բաշխում  երեխաներին:

Այժմ Սիմոնն ավելի լավ է զգում և աստիճանաբար վարժվում է իր կյանքում վերջերս տեղի ունեցած փոփոխություններին: Սիմոնի մայրը մշտապես կապի մեջ է Շաքարախտի դպրոցի բուժանձնակազմի հետ և վստահ է, որ որդու կյանքը հուսալի ձեռքերում է:

Ծրագրի մասին...