Կյանքի խաչվող ուղիներում

Մոտակա անցյալում տեղի ունեցած արցախյան պատերազմն իր հետքն է թողել յուրաքանչյուր արցախցու հոգում: Պատերազմի հետևանքով որքան մայրեր կորցրեցին իրենց որդիներին, որքան կանայք այրիացան, որքան անմեղ մանուկներ որբացան: Արցախցին այդքանը չի մոռացել ու չի էլ կարող մոռանալ, ու չնայած այդ ամենին` նա շարունակում է ապրել: Ինչպես ասում են` կյանքը շարունակվում է ու պետք է շարժվել առաջ, սակայն, ցավոք այսօր հանդիպում ենք այնպիսի մարդկանց, որոնց համար նախընտրելի է, որ զոհվեին պատերազմում, քան այդպիսի վիճակում ապրեին: Ցավալի է, բայց` փաստ: Այդպիսիններից է նաև Արմեն Շմավոնի Ահարոնյանը:

Արմեն Ահարոնյանը ծնվել է 1972 թվականին Հադրութ քաղաքում: Պատերազմն իր դաժան դրոշմն է թողել Արմենի հոգեկան աշխարհի և ֆիզիկականի վրա: Ճակատագիրը դաժան խաղ խաղաց Արմենի հետ: 1993 թվականին նա ծանր վիրավորվում է Մելիքաշեն գյուղում մարտական գործողությունների ժամանակ, որի հետևանքով հեռացվում է նրա մի ոտքը: Այնուհետև Արմենը ստանում է գլխուղեղի և թոքերի վնասվածքներ: 1993 թվականին նա ստանում է համապատասխան բժշկական օգնություն Հադրութի և Ստեփանակերտի հիվանդանոցներում: Այսքան տառապանքներից հետո Արմենին սպասվում էր մի նոր անակնկալ. հաշմանդամ վիճակում վերադառնալով պատերազմից` սիրած աղջիկը հայտարարում է, որ ինքը չի կարող ամուսնանալ հաշմանդամի հետ:

Դա մի աննկարագրելի հարված էր Արմենի համար: Ծանր հոգեկան ապրումներ է ունենում Արմենը: Գնալով նրա վիճակն ավելի ու ավելի է վատանում (հատկապես 2005 թվականից սկսած) նա ոչ մեկի հետ շփման մեջ չէր ուզում մտնել, իրեն տրվող հարցերին էլ պատասխանում էր շատ հակիրճ ու կոնկրետ: 2006 թվականից Արմենի մոտ նկատվեց հիշողության կորուստ: Արմենն ապրում է մոր, եղբոր (2-րդ կարգի հաշմանդամ), եղբոր կնոջ և  երկու երեխայի հետ: Հայրն էլ 1992 թվականին մահացել էր սրտի կաթվածից: Այդ ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում:

Միակ մխիթարանքը տուն ստանալու հույսն է: Ինչպես Արմենի մայրն է ասում` 1995 թվականից հերթագրվել են տուն ստանալու համար ու մինչև այսօր դեռ սպասում են:

Արմեն Ահարոնյանի մասին այսքանն իմացանք միայն այն ժամանակ, երբ 2007 թվականին «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի միջնորդությամբ Արմենին այցելեց վերականգնողական կենտրոնի բուժքույր Մարիետա Սարգսյանը:

Ու այդ օրվանից սկսած վերականգնողական կենտրոնի անձնակազմն իր բժշկական օգնությունն էր ցույց տալիս Արմենին տնային պայմաններում: Իսկ Արմենի նմանները ցավոք շատ էին Արցախի տարբեր մասերում և բոլորն էլ նման աջակցության կարիք ունեին: Դա հնարավոր դարձավ անել «Ջինիշյան»՚ հիշատակի հիմնադրամի աջակցության շնորհիվ: Շատ ազատամարտիկներ խիստ կարիք ունեին լինել վերականգնողական կենտրոնում: Բայց դա հնարավոր չէր, քանզի կենտրոնի սակավաթիվ անձնակազմի պատճառով հիվանդի խնամքը պետք է ապահովեին հիվանդի հարազատները: Շատերի համար դա անհնարին էր: Սկսած 2010 թվականից վերականգնողական կենտրոնում հնարավոր դարձավ բուժել այն ազատամարտիկներին, ովքեր դրա կարիքն ունեին և դա հնարավոր էր «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի աջակցությամբ, որի արդյունքում վերջերս վերականգնողական կենտրոնում սկսեցին աշխատել 2 բուժքույր` հիվանդների խնամքը հիվանդանոցային պայմաններում ապահովելու նպատակով: Այդ հիվանդների թվին է պատկանում նաև Արմենն, ով վերջերս «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի աջակցությամբ տեղափոխվել է վերականգնողական կենտրոն և բոլորովին տարբերվում է մնացած բուժվողներից իր հոգեկան և ֆիզիկական ծանր վիճակով: Ու այստեղ` վերականգնողական կենտրոնում, մի քանի օրվա ընթացքում զգացվեց, թե որքան փոփոխություններ տեղի ունեցան Արմենի հոգեկան և ֆիզիկական աշխարհում: Եթե տանը նա մշտապես կղզիացած էր, չէր ուզում ոչ մեկի հետ շփվել, ապա այստեղ նա այլ վարք է դրսևորում: Այստեղ նրան հնարավորություն է ընձեռվում շփվել իր նմանների հետ: Նա հաճույքով մասնակցում է տարբեր դասընթացների:

Հենց այս փոքր փոփոխությունն էլ ուրախացնում է: Հուսանք, որ Արմեն Ահարոնյանը կենտրոնի մասնագետների օգնությամբ կկարողանա հաղթահարել մի շարք փորձություններ, կդառնա հնարավորինս ինքնուրույն ու քիչ, թե շատ կսկսի սիրել կյանքը:

Ծրագրի մասին ...