Պատմություններ

Կոնքազդրային հոդի հոդախախտի վաղ կանխարգելում

ՋՀՀ անձնակազմն իր` Կապանի ծննդատուն կատարած մշտական այցերից մեկի ժամանակ ականատես եղավ, թե ինչպես բժիշկը մի փոքրիկ աղջիկ երեխայի ախտորոշեց կոնքազդրային հոդի հոդախախտ հիվանդությամբ: Պարզվեց, որ երեխան նույն հիվանդանոցի բժիշկներից մեկի թոռնիկն է: Կարինեի  բուժումն անմիջապես սկսվեց: Հետևեցին մի շարք բժշկական կոնսուլտացիաներ: Կոնքազդրային հոդի մասնագետները խորապես ուսումնասիրեցին Կարինեի դեպքը և աղջկան վերցրեցին իրենց վերահսկողության տակ: Ծնողներին և տատիկին տեղեկացրեցին, թե ինչպես պետք է խնամել փոքրիկ Կարինեին /ոչ մի տակդիր, ոտքերի ազատ դիրք և այլն/: Մեկ ամիս անց`երկրորդ ստուգման ժամանակ, ուլտրաձայնային զննումը բժիշկներին տվեց հոդի պարզ պատկեր: Անցավ մի քանի ամիս: Այժմ աղջնակի հոդերը  նորմալ են զարգանում/աճում: Կարինեն երջանիկ է, և ժպիտն անպակաս է նրա դեմքից: Այս ծրագրի շնորհիվ Կարինեն խուսափեց իր ողջ կյանքում հաշմանդամ լինելու ճակատագրից: 

Մեծ քայլ առաջ

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը 2004 թվականից ի վեր իրականացնում է «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագիրը: Ծրագրի նպատակն է խթանել ժողովրդավարությունը և ՀՀ-ում զարգացնել գիտակից և սոցիալապես պատասխանատու քաղաքացիներ` բանավեճի ակումբների ստեղծման միջոցով: Թվով 130 բանավեճի ակումբի անդամներ են հանդիսանում 14-17 տարեկան աշակերտներ, ովքեր հետագայում բանավեճն օգտագործում են որպես քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացի մեջ ներգրավվելու միջոց: Ծրագրի շրջանակներում բարձր դասարանների աշակերտները ստանում են գիտելիք`  քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման կարևորագույն հիմնախնդիրների վերաբերյալ, ձեռք են բերում հաղորդակցական և վերլուծական մտածողության հմտություններ, որոնք թույլ կտան հայ երիտասարդներին  ավելի ակտիվորեն մասնակցել հայ հասարակության զարգացման գործընթացին: Բանավեճի ակումբները` որպես արտադասարանական գործողություններ, իրենց հերթին նպաստում են կրթական համակարգի կայացմանը: Տվյալ նախաձեռնությունը ստեղծում է կապ երիտասարդների, ՀԿ սեկտորի և կառավարական գործակալությունների միջև` քաղաքացիական սեմինարների և կլոր-սեղան քննարկումների միջոցով:

Կա մարդու երկու տեսակ ...

Կա մարդու երկու տեսակ՝ ըմբոստ և սովորական: Ինձ ի սկզբանե ներշնչել են, որ ես առաջինն եմ, ուստի բանավեճն ինձ համար հարազատ տարերք է: Երբ ես փոխադրվեցի 9-րդ դասարան ինձ հնարավորություն ընձեռնվեց ցուցադրելու իմ նպատակասլացությունը բանավեճի ակումբի շնորհիվ: Եվ դեռևս չկազմավորված, բայց ինքնավստահ ու նպատակասլաց 13 տարեկան երեխան սկսեց ձեռք բերել բանավիճելու հմտություններ: Նա միանգամից հասկացավ, որ մանկուց իրեն տրված բնորոշումը ճիշտ էր. ես ունակ էի բանավիճելու: Բայց ես ստիպված եղա թողնել ինձ այդքան հոգեհարազատ միջավայրը և խառնվել հոսանքին:

Կյանքի խաչվող ուղիներում

Մոտակա անցյալում տեղի ունեցած արցախյան պատերազմն իր հետքն է թողել յուրաքանչյուր արցախցու հոգում: Պատերազմի հետևանքով որքան մայրեր կորցրեցին իրենց որդիներին, որքան կանայք այրիացան, որքան անմեղ մանուկներ որբացան: Արցախցին այդքանը չի մոռացել ու չի էլ կարող մոռանալ, ու չնայած այդ ամենին` նա շարունակում է ապրել: Ինչպես ասում են` կյանքը շարունակվում է ու պետք է շարժվել առաջ, սակայն, ցավոք այսօր հանդիպում ենք այնպիսի մարդկանց, որոնց համար նախընտրելի է, որ զոհվեին պատերազմում, քան այդպիսի վիճակում ապրեին: Ցավալի է, բայց` փաստ: Այդպիսիններից է նաև Արմեն Շմավոնի Ահարոնյանը:

Արմեն Ահարոնյանը ծնվել է 1972 թվականին Հադրութ քաղաքում: Պատերազմն իր դաժան դրոշմն է թողել Արմենի հոգեկան աշխարհի և ֆիզիկականի վրա: Ճակատագիրը դաժան խաղ խաղաց Արմենի հետ: 1993 թվականին նա ծանր վիրավորվում է Մելիքաշեն գյուղում մարտական գործողությունների ժամանակ, որի հետևանքով հեռացվում է նրա մի ոտքը: Այնուհետև Արմենը ստանում է գլխուղեղի և թոքերի վնասվածքներ: 1993 թվականին նա ստանում է համապատասխան բժշկական օգնություն Հադրութի և Ստեփանակերտի հիվանդանոցներում: Այսքան տառապանքներից հետո Արմենին սպասվում էր մի նոր անակնկալ. հաշմանդամ վիճակում վերադառնալով պատերազմից` սիրած աղջիկը հայտարարում է, որ ինքը չի կարող ամուսնանալ հաշմանդամի հետ:

Ուլտրաձայնային հետազոտության կարևորությունը և հետևանքները

Խաչատրյան  Մանե, Ախուրյանի շրջանից, այժմ 1,5 տարեկան է: 
Ծնվելուց  հետո երեխան չի անցել  ուլտրաձայնային հետազոտություն, քանի որ այդ օրը մասնագետը բացակայել է աշխատանքից: Երեխան դուրս է գրվել հիվանդանոցից: Մեկ ամիս անց երեխան այցելել է հիվանդանոց մանկաբույժի կոնսուլտացիայի: Այդ օրն «երջանիկ պատահականությամբ» մանկաբույժի սենյակում է լինում նաև ուլտրաձայնային հետազոտության մասնագետը: Իմանալով որ երեխան չի անցել հետազոտություն` առաջարկում  է ծնողներին կատարել այն: Պարզվում է, որ երեխան ունի երկկողմանի բնածին հոդախախտ: Երեխային բուժման է վերցնում Գյումրիի մանկական օրթոպեդն, ով ծնողներին մանրամասն բացատրում է,  թե ինչ է կոնքազդրային հոդի հոդախախտն, ինչպիսի բուժման կուրս պետք է ստանա երեխան, և,  թե ինչ հետևանքներ կունենա, եթե ճիշտ և ժամանակին չստանա համապատասխան բուժում: Գիտակցելով այդ հաշմանդամություն առաջացնող հիվանդության լրջությունը` ծնողները լսում են բժշկի խորհուրդները  և խոստանում են լինել հետևողական բուժման ողջ ընթացքում:

Հոդախախտի ուշ ախտորոշում

Աբրահամյան Նանե, Գյումրի քաղաքից, 2 տարեկան 
Նանեի ծնողները դիմել են Արաբկիր Բժշկական կենտրոն`  երեխայի քայլվածքի խանգարման պատճառով: Ռենտգեն նկարահանում կատարելուց հետո երեխայի մոտ հայտնաբերվել է երկկողմանի բնածին հոդախախտ: Ծնողների հետ  զրուցելուց հետո պարզվեց, որ երեխայի տատիկը, լինելով բուժաշխատող անտարբեր վերաբերմունք է ցուցաբերել ուլտրաձայնային հետազոտության հանդեպ և չի թողել իրականացնել այն: Սակայն, երբ երեխան սկսել է քայլել, տատիկն ինքը նկատելով երեխայի անսովոր քայլվածքը և գիտակցելով իր` ժամանակին կատարած ոչ ճիշտ որոշման լրջությունը,  ծնողներին ստիպել է երեխային ցույց տալ համապատասսխան մասնագետի:

Բանավեճը կարևոր դպրոց է ամբողջ կյանքի համար

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի /ՋՀՀ/ և «Երիտասարդական նվաճումներ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագիրը Հայաստանի ավելի քան 100 դպրոցում գործող արտադասարանական բանավեճի ակումբների միջոցով նպաստում է քաղաքացիական հասարակության կայացմանը: Ծրագրի մասնակիցներից շատերը դպրոցում ստացած գիտելիքներն ու փորձառությունն օգտագործում են իրենց հետագա կյանքում: Տաթև Հարությունյանը նրանցից մեկն է: Նա 8-րդ դասարանի աշակերտ էր, երբ ընդգրկվեց իրենց դպրոցում գործող բանավեճի ակումբում: Նա ասում է, որ երբ նոր էր ընդգրկվել ծրագրում, չէր էլ մտածում, որ մեկ տարուց ավել կմասնակցի բանավեճի ակումբի աշխատանքներին: Ծրագիրը նրան ոչ միայն օգնեց հասկանալ և բանավիճել մարդու իրավունքներին և ժողովրդավարությանն առնչվող խնդիրների շուրջ, այլև օգնեց նրան ընտրել իր ապագա մասնագիտությունը: Այժմ նա սովորում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում:

Բանավեճի հանրապետական մրցաշար.տոն բոլորի համար

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ու Երիտասարդական Նվաճումներ ՀԿ-ի կողմից իրականացվող ու ֆինանսավորվող և Հայաստանում Եվրամիության հանձնաժողովի պատվիրակության կողմից համաֆինանսավորվող «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի ավարտը նշանավորվեց Բանավեճի հանրապետական մրցաշարով, որին մասնակցեցին ծրագրում ընդգրկված բոլոր 80 դպրոցի աշակերտները: Միջոցառումն անցկացվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում, ինչը յուրահատուկ բնույթ է հաղորդում մրցույթին: Առաջին հայացքից հանրապետական մրցաշարը սովորական մրցույթ է թիմերի միջև, սակայն, ամեն տարի այն դառնում է տոն բոլորի համար, ովքեր անմիջական կամ անուղղակի մասնակցություն են ցուցաբերել ծրագրին. բանավեճի ակումբի անդամները, նրանց ուսուցիչները, ծնողները, ժյուրիի անդամները, ինչպես նաև ծրագրի իրականացնողները:

Գյուղը վերականգնում է մանկապարտեզ ունենալու իրավունքը

Ալավերդու շրջանում գտնվող հեռավոր Արևածագ գյուղը 18 տարվա ընդմիջումից հետո վերջապես կունենա նախակրթարան շնորհիվ Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից տրված դրամաշնորհի, ինչպես նաև համայնքի անդամների և Վորլդ Վիժն Հայաստանի օժանդակության:

Ավելի քան 20 երեխաներ այս տարի արդեն կսկսեն հաճախել նախակրթարան, որը կհիմնվի Արևածագի հանրակրթական դպրոցի շենքում:

«Մեր գյուղում 1991թվականից ի վեր մանկապարտեզ չկար. երբեմն նույնիսկ  դժվար էր լինում երեխաներին բացատրել, թե ինչ է մանկապարտեզը  և ինչ տեսք ունի այն»,-ասում է Արթուր Մելիքսեթյանը, որն ակտիվորեն մասնակցել է նախակրթարան հիմնելու առաջարկի պատրաստմանը:

Լսելու շնորհ

Այովայի երիցական եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի սաները գեղեցիկ նվեր մատուցեցին հայաստանաբնակ յոթնամյա Արուսիկին: Արուսիկը լսողության խնդիրներ ունի, և լսողական ապարատն անչափ կարևոր էր նրա համար: Արուսիկն ապրում է Վանաձորում ծնողների, երկու ավագ քույրերի ու կրտսեր եղբոր հետ: Վանաձորը 1988թ. երկրաշարժի արդյունքում խիստ տուժած քաղաքներից է. հազարավոր մարդիկ զոհվեցին աղետի պատճառով, որի հետևանքները մինչ օրս տեսանելի են:

Pages

Subscribe to RSS - Պատմություններ