Ուլտրաձայնային հետազոտության կարևորությունը և հետևանքները

Խաչատրյան  Մանե, Ախուրյանի շրջանից, այժմ 1,5 տարեկան է:
Ծնվելուց  հետո երեխան չի անցել  ուլտրաձայնային հետազոտություն, քանի որ այդ օրը մասնագետը բացակայել է աշխատանքից: Երեխան դուրս է գրվել հիվանդանոցից: Մեկ ամիս անց երեխան այցելել է հիվանդանոց մանկաբույժի կոնսուլտացիայի: Այդ օրն «երջանիկ պատահականությամբ» մանկաբույժի սենյակում է լինում նաև ուլտրաձայնային հետազոտության մասնագետը: Իմանալով որ երեխան չի անցել հետազոտություն` առաջարկում  է ծնողներին կատարել այն: Պարզվում է, որ երեխան ունի երկկողմանի բնածին հոդախախտ: Երեխային բուժման է վերցնում Գյումրիի մանկական օրթոպեդն, ով ծնողներին մանրամասն բացատրում է,  թե ինչ է կոնքազդրային հոդի հոդախախտն, ինչպիսի բուժման կուրս պետք է ստանա երեխան, և,  թե ինչ հետևանքներ կունենա, եթե ճիշտ և ժամանակին չստանա համապատասխան բուժում: Գիտակցելով այդ հաշմանդամություն առաջացնող հիվանդության լրջությունը` ծնողները լսում են բժշկի խորհուրդները  և խոստանում են լինել հետևողական բուժման ողջ ընթացքում:

Բուժումը  սկսում են  Պավլիկի շինայով, որն երեխան կրում է մինչև վեց ամսեկան հասակը: Պարբերաբար այցելելով Գյումրիի մանկական օրթոպեդին և կատարելով բոլոր խորհուրդները` երեխայի բուժումն ընթանում է նորմալ: Պավլիկի շինայից հետո, երեխան այցելում է Երևան, որտեղ թիմի կողմից  զննում անցնելուց հետո որոշվում է, որ երեխան պետք է կրի նաև զատող շինա մինչև  մեկ տարեկան հասակը: Ծնողներին բացատրվեց  զատող շինայի կարևորությունը, կրելու հմտությունները, խնամքը և նշանակվեց կրկնակի այց  և ռենտգեն նկարահանում  մեկ ամսից: Շինան պատրաստվեց Երևանում:

Մեկ տարեկան հասակում կրկին կատարվեց ռենտգեն նկարահանում: Երևանի թիմի կողմից երեխայի վիճակը գնահատվեց բավարար, շինան հանվեց, նշանակվեց կրկնակի այց, երբ երեխան կքայլի ինքնուրույն:

Այս տարի  հունվարի վերջին երեխան կրկին այցելեց Արաբկիր բժշկական կենտրոն հերթական  ստուգման: Երեխան քայլում էր ինքնուրույն և ազատ: Զննումից հետո երեխայի վիճակը գոհացրեց թիմի անդամներին: Երեխան կմնա հսկողության տակ ևս մեկ տարի:

Ծնողների երջանիկ և շնորհակալ հայացքներից կրկին համոզվում ես, որ ուլտրաձայնային հետազոտությունը կոնքազդրային  հոդախախտի վաղ հայտնաբերման համար լավագույն միջոցն է: Ժամանակին և ճիշտ բուժումը կարող է երջանկացնել բազում ընտանիքների և լուծել ոչ միայն առողջական, այլև` սոցիալական խնդիրներ հատկապես անապահով ընտանիքներում:

Շատ հաճախ հանդիպում են դեպքեր, երբ ծնողների և ընտանիքի անդամների անտարբերությունը կամ անվստահությունը բուժաշխատողների նկատմամբ, ընտանիքին կանգնեցնում են  երեխաների առողջության հետ կապված խնդիրների առաջ: Լինում են նաև դեպքեր, երբ ավանդական մտածելակերպը «հանկարծ հարևանները չիմնան, որ երեխան ունի խնդիրներ» կամ «մեծանա կանցնի» վերաբերմունքը խանգարում է ընտանիքին ժամանակին դիմել համապատասխան բժշկին մասնագիտական բուժօգնություն ստանալու համար:

Ծրագրի մասին ...