«Եկեք խաղանք» արտահայտությունը մագնիսական ձգողություն ունի: Խաղի հրավերը կտրում է առարկայական իրականությունից և մեզ տեղափոխում մի աշխարհ, ուր հեշտությամբ կարելի է վերադասավորել ու վերակազմակերպել անգամ ամենաբարդ թվացող հարաբերությունները: Մեր խառնաշփոթ և անկատար սոցիալ-հասարակական կյանքում հենց խաղն է, որ ստեղծում է ժամանակավոր կատարելություն, հաստատում պարտադիր կարգ ու կանոն, դառնում իդեալական սոցիումի մակետ:
Եվ ուրեմն՝ երեք-ույու-չորս...
«Ջինիշյան» hիշատակի hիմնադրամի «Խաղացեք ազնիվ» ծրագրի շրջանակներում միջին տարիքի դպրոցական խմբերի հետ աշխատանքի ընթացքում, խաղային կոնցեպտը կիրառելով որպես գործիք, դպրոցականների հետ միասին փորձեցինք վերաիմաստավորել սոցիալական վարմունքը և վերաբերմունքը միմյանց նկատմամբ: Նախքան ծրագիրը սկսելը, դպրոցահասակ տարիքի երեխաները, նրանց ծնողները, դասավանդող մանկավարժները զրույցներում հաճախ էին շեշտադրում իրենց, իսկ երբեմն նաև իրենց ընտանիքների նկատմամբ հասարակության ոչ ադեկվատ վերաբերմունքը, ամենօրյա խնդիրները և պատնեշները, որոնց բախվում են, սոցիալական հարաբերություններում հավասարությունը պայմանավորող արժեքների բացակայությունը կամ թյուր ընկալումը շրջապատի կողմից:
-Ես ոչ մեկի հետ ոչ բակում, ոչ էլ, դասամիջոցներին չեմ խաղում, որովհետև հաղթելու իրենց հնարավորություններն ավելի շատ են:
-Ես տեսականորեն գիտեմ ինչպես հաղթել, բայց գործնականում միշտ պարտվում եմ: -Ես գիտեմ, որ չի կարելի ընկճվել, բայց չգիտեմ ինչպես:
-Ես ուզում եմ, որ ինձ էլ խաղացնեն, բայց չգիտեմ ինչպես միանալ դասարանցիներիս, նրանք ինձ միշտ արհամարում են:
-Ուզում եմ ինձ կարևոր զգալ:
Եթե երեխան մտածում և արտահայտվում է այս կերպ, նշանակում է, որ մեծ հաշվով սոցիալական «խաղի» կանոնները սխալ են: Մենք առաջարկեցինք խաղեր, որոնք խարսխված են մարդու իրավունքները պայմանավորող արժեքների՝ համագործակցության, բազմազանության հանդեպ հարգանքի, պատասխանատվության, ներառման, ընդունման, հարգանքի, և արդարություն վրա: Խաղերից մեկի ժամանակ 7-րդ դասարանի մի անտեսված աշակերտուհի բոլորի, անգամ՝ իր համար անսպասելի կերպով գտավ խաղի ելքը: Իհարկե, նրա անտեսված լինելու հանգամանքը հավատ չներշնչեց իր առաջ քաշած լուծման նկատմամբ: Քննարկման ժամանակ, երբ խաղավարն ինքն ասաց այդ մասին, խաղացողները զարմացան, բայց և միանշանակ գնահատեցին առաջարկված իդեալական հանգուցալուծումը: Փաստորեն, հենց նա՝ ամենաանտեսվածը, խմբին բերեց այդքան սպասված հաղթանակը: Խաղային խմբակցությունը մնայուն լինելու ընդհանուր հակվածություն ունի, անգամ երբ խաղն ավարտված է: Նշանակում է՝ նման փորձառությունները սերմանվելով անհատների մեջ, կարող են երաշխավորել հետագա մեծամասշտաբ փոփոխություններ հասարակության մեջ: Չէ որ հասարակական կյանքի ճիշտ կազմակերպումը սկսվում է սեփական անձի՝ որպես սոցիումի լիիրավ անդամի գիտակցումից: Այս գիտակցման նշույլները տեսնում ենք, երբ ծրագրի սկզբում՝ խաղերից առաջ կյանքը «հաղթողներ-պարտվողներ» պրիզմայով դիտարկող երեխաները ծրագրի ավարտին փոխում են իրենց մոտեցումը, սկսում դիտարկել սոցիալական հարաբերություններն իբրև հավասար հնարավորությունների դաշտ, ուր հաղթում են բոլորը: