Անտեսելով անտարբերությունը
«Անտարբերությունը հոգու կաթված է, անժամանակ մահ»,-ասում էր Անտոն Չեխովը։ Աշխարհում օգնության կարիք ունեցող որքա՜ն երեխաներ ուրախություն են ապրում հենց միայն այն փաստից, որ արժանանում են ուշադրության ու հոգատար վերաբերմունքի։ «Մենք լքված չենք»,- այս եզրահանգումը ու շրջապատի համար սեփական նշանակության գիտակցումը նրանց համար արդեն վերափոխվում է գործելու, ապրելու եռանդի։ Ապրելու այդ ձգտումը վարակում է բոլորին՝ ապացուցելով նաև, որ սրտացավությունը հոգու թռիչք է, հավերժ կյանք։ Իսկ որքան առաքինություն կա այն ամենում, երբ աշխարհի ինչ-որ անկյունում խոսում է բարությունն ու ստիպում առանձին անհատների կամ կազմակերպությունների ներդրում ունենալ բարեգործական կամ զարգացման տարբեր ծրագրերում։ Սակայն, բազմապատկվում է բոլորիս ուրախությունը, երբ հանդիպում ենք իրացված այնպիսի ծրագրերի, որտեղ պետական սահմաններ հաղթահարած այլոց սրտացավ վերաբերմունքը ակամա դառնում է հայրենի եզերքում երիտասարդության սրտացավության խթանիչը։ Այո՛, լինում է և այդպես, երբ Հայաստանի խնդիրների կողքով անտարբեր չանցնող բարեգործական հիմնադրամների ծրագրերին անդամագրվում են երիտասարդներ, ովքեր հենց իրենք են դառնում բարեգործներ և ուրախ կյանք պարգևում դժբախտության մեջ հայտնված երեխաներին։ Նորայրն ու Սարգիսն այն երիտասարդներից էին, ովքեր իրենց հաջողությունն էին փնտրում կյանքում, բայց գտան իրենց կյանքը CDA կոչվող ծրագրում։ Նրանք գրեցին «Կրթություն բոլոր դժվարություններին ընդառաջ» ծրագիրը և «Ջինիշյան» հիմնադրամի CDA ծրագրի շրջանակներում 2016 թվականին այն կյանքի կոչելու հնարավորություն ստացան: Ծրագրի նպատակն էր օժանդակել պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում մշտական բուժում ստացող 7 -15 տարեկան երեխաների կրթական գործընթացին: Շաբաթական երկու անգամ նրանք կամավորական իրենց ընկերներների հետ միասին այցելում էին կենտրոն և երեխաններին ուսուցանում դպրոցական ծրագրով նախատեսված առարկաները: