Բանավեճի հանրապետական մրցաշար “Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ” (ԵՆՀ) բանավեճի ակումբների ստեղծման ծրագրի շրջանակներում

Ջինիշյան հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ), Բաց Հասարակության Հիմնադրամներ - Հայաստանի (ԲՀՀ) և «Երիտասարդական նվաճումներ» կրթական հասարակական կազմակերպության (ԵՆ) համատեղ ուժերով իրականացվող և համաֆինանսավորվող «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» (ԵՆՀ) բանավեճի ակումբների ստեղծման ծրագրի շրջանակներում սույն թ-ի մայիսի 18-ին, 19-ին և 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցավ Բանավեճի Հանրապետական Մրցաշարը (ԲՀՄ):   

Արդեն ութերրորդ տարին է, ինչ ուսումնական տարվա վերջում իրականացվում է ԲՀՄ-ն, որը մի մեծ իրադարձություն է դարձել ծրագրում ուղղակի և անուղղակի կերպով ընդգրկված բոլոր շահառուների համար` բանավեճի ակումբի անդամների, նրանց ղեկավարների, ծնողների, ուսուցիչների, դատավորների և ծրագիրը իրականացնողների համար: Բանավեճի Հանրապետական Մրցաշարն ուսումնական տարվա ընթացքում բանավեճի ակումբներոմ երեխաների կողմից ձեռք բերած  հմտությունների, գիտելիքների և փորձի արտացոլումն է:

Այս տարի ԲՀՄ-ում մրցեցին ծրագրում ընդգրկված 103 դպրոցի 22 հավաքական թիմ յուրաքանչյուրը բաղկացած 5-7 անդամից:  Երևան, Գյումրի, Վանաձոր, Արմավիր, Մեծամոր, Էջմիածին, Հրազդան, Աբովյան, Սևան, Գավառ, Աշտարակ, Արտաշատ, Մասիս, Ալավերդի քաղաքներից, ինչպես նաև Դալարիկ, Քարակերտ, Լեռնագոգ, Աքորի, Ախթալա և Հաղպատ գյուղական համայնքներից  մայրաքաղաք ժամանած հավաքական թիմերը պայքարեցին մրցանակային տեղերի համար: Բոլոր մասնակից դպրոցներում ծրագրով ստեղծվել էին բանավեճի ակումբներ: Դպրոցականներն ուսումնական տարվա ընթացքում արդեն իսկ մասնակցել էին մի շարք ներակումբային և միջդպրոցական բանավեճերին:

ԲՀՄ-ի առաջին երկու օրվա ընթացքում մասնակիցները բանավիճեցին քաղաքացիական հասարակությանն առնչվող 4 թեմայի շուրջ` «ՀՀ դպրոցներում առողջապահական և սանիտարահիգիենիկ նորմերը պահպանվում են», «ՀՀ-ում հանրակրթությունը ապահովում է գործնական գիտելիքներ», «ՀՀ-ն պետք է վարի ռուսամետ քաղաքականություն», «ՀՀ-ում ավագ դպրոցները ծառայում են իրենց նպատակին»: Մասնակիցները նախապես ուսումնասիրել  ու գիտելիքներ էին ձեռք բերել նշված թեմաների վերաբերյալ:

Արտաշատի և Արմավիրի երկու հավաքական թիմ դուրս եկավ եզրափակիչ փուլ և մրցեց եզրափակիչ փուլում` բանավիճելով «ՀՀ-ում ավագ դպրոցները ծառայում են իրենց նպատակին» թեմայի շուրջ: Արմավիրի թիմը ժյուրիի անդամների կողմից ճանաչվեց  մրցույթի հաղթող թիմ: Երրորդ տեղը զբաղեցրեց Երևանի հավաքական թիմը:

Մրցույթի ավարտին ԲՀՄ-ի մասնակիցներին տրվեցին պարգևանշաններ, նվերներ և պատվոգրեր ծրագիրը իրականացնողների կողմից: 

 
ԲՀՄ-ն դատեցին և մեկնաբանեցին միջազգային և տեղական կազմակերպություններից հրավիրված փորձագետներ: Իրենց ելույթների ժամանակ դատավորները կարևորեցին և բարձր գնահատեցին ծրագիրն, որը նպաստում է քաղաքացիական հասարակության զարգացմանը: Այն հնարավորություն է ընձեռում դպրոցական երեխաներին  արտահայտելու իրենց կարծիքը և տեսակետը` հասարակության համար արդիական տարբեր թեմաների շուրջ և պաշտպանելու իրենց դիրքորոշումը` հիմնվելով փաստերի վրա:

«Ես շատ կուզենայի ձեր տարիքում հնարավորություն ունենալ հաճախելու նմանատիպ ակումբ և տիրապետելու բանավեճի այն հմտություններին, որին դուք եք այժմ տիրապետում», - նշեց ժյուրիի անդամներից մեկը:  

Բանավեճի հանրապետական մրցաշարն եզրափակում է ուսումնական տարում ծրագրով նախատեսված բանավեճերի շարքը` հանդիսանալով ամենահանդիսավոր և պատասխանատու իրադարձությունը, և այն փայլուն հնարավորություն է ընձեռում աշակերտներին հանդիպելու այլ քաղաքների իրենց հասակակիցների հետ և մի քանի օր անցկացնելու` որպես «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի մեծ ընտանիքի անդամ: 

Միջոցառման մանրամասների համար տես ֆեյսբուքյան ֆոտոալբոմը: