2011 թ-ին Ջինիշյան հիշատակի հիմնադրամը նախաձեռնեց բարեգործական մի նախաձեռնություն, որի նպատակն էր աջակցել ՀՀ հեռավոր գյուղերի խոցելի ընտանիքների դպրոցահասակ երեխաներին սառնաշունչ ձմեռային ամիսներին ունենալու տաք ձմեռային կոշիկներ: Սրանք այն երեխաներին են, որոնք ձմռան ամիսներին դպրոց չեն հաճախում կամ դպրոց են գնում մաշված կոշիկներով կամ հնամաշ հողաթափիկներով, որը չափազանց վատ է անդրադառնում նրանց առողջության վրա և հետագայում խրոնիկ հիվանդությունների պատճառ դառնում: ՋՀՀ-ն որպես թիրախ ընտրեց Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա տարածաշրջանները և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս տարածաշրջանները, որոնք հայտնի են ցուրտ և ձնառատ ձմեռային ամիսներով, որտեղ երկարատև ձմռան ընթացքում մարդիկ ապրում են մեկուսացված` անանցանելի ճանապարհների պատճառով և որտեղ բնակիչները մեծամասամբ անապահով են:
Այս շրջանների երեխաներին աջակցելու նպատակով` Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվեց էջ, ինֆորմատիվ/խնդրանք նամակներ ուղարկվեցին բազմաթիվ մարդկանց և կազմակերպությունների, հիմնադրամի գործընկերներին, խորհրդի անդամներին և այլն:
2011 թվականի ընթացքում հնարավոր եղավ հայթայթել 14,501,457 ՀՀ դրամ/ 38,162 ԱՄՆ դոլար/: Տեղական ինքնակառավարման մարմինների և այդ շրջանների դպրոցների տնօրենների հետ ակտիվ համագործակցության շնորհիվ` հնարավոր եղավ ստեղծել Շիրակի և Գեղարքունիքի մարզերի Աշոցքի, Ամասիայի և Ճամբարակի, Վարդենիսի տարածաշրջանների դպրոցականների տվյալների բազան:
Որպեսզի կոշիկները պատրաստ լինեն մինչ ցուրտ ձմռան գալուստը, ՋՀՀ-ն սեպտեմբերից սկսեց ծրագրի իրականացումը: ՋՀՀ-ն պայմանագիր կնքեց տեղական կոշիկ արտադրող ընկերության հետ` միևնույն ժամանակ աջակցելով կոշիկի արտադրությանը Հայաստանում: Այս ժամանակահատվածում արտադրվեց 578 զույգ տաք կոշիկ, որոնք 4 փուլով բաշխվեցին ՀՀ Գեղարքունիքի մարզի 11 գյուղում և Շիրակի մարզի 19 գյուղում: Գյուղերն ընտրվել են` հիմք ընդունելով նրանց գտնվելու վայրը և հեռավորությունը մարզկենտրոններից, երեխաների քանակը` առաջնորդվելով հետևյալ տրամաբանությամբ. որքան քիչ է երեխաների քանակն, այնքան խոցելի է տվյալ գյուղի բնակչությունը: Ընտրված գյուղերի բոլոր երեխաները ստացել են կոշիկներ:
2011 թվականի դեկտեմբերի 6-ին Ջինիշյան հիմնադրամի նախաձեռնությանը միացավ Օրանժ Արմենիա հիմնադրամը և տրամադրեց 6,500,000 ՀՀ դրամի չափով նվիրատվություն: Այս միջոցներով շատ կարճ ժամանակահատվածում մինչև 2011 թ-ի դեկտեմբերի 31-ը ՋՀՀ-ն կազմակերպեց ևս 528 զույգ կոշիկի արտադրություն և բաշխում Շիրակի մարզի թվով 8 գյուղում և Գեղարքունիք մարզի թվով 6 գյուղում:
Ի շնորհիվ Ձեր բոլորի նվիրատվության` ընդհանուր առմամբ բաշխվել է 1,106 զույգ կոշիկ Շիրակի մարզում/թվով 27 գյուղում/ և Գեղարքունիքի մարզում/թվով 17 գյուղում/:
ՋՀՀ-ն նույնպես ունեցել է իր ֆինանսական մասնակցությունը ծրագրին` ներդնելով 2,349,500 ՀՀ դրամ /6,183 ԱՄՆ դոլար/, որի մի մասը օգտագործվել է անմիջապես կոշիկների արտադրման և գնման նպատակով, իսկ մի մասն էլ ծրագրի շրջանակներում կատարված ադմինիստրատիվ ծախսերը հոգալու համար:
Անկախ նվիրատվության գումարի չափից մեկ անգամ ևս խորին շնորհակալություն ենք հայտնում բոլոր նվիրատուներին, ինչպես նաև հատուկ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ենք հայտնում ծրագրի հիմնական համակարգող և նախաձեռնող Վարուժան Ավետիքյանին: