Վարուժան Ավետիքյանն աշխատում է Հայաստանի կենտրոնական բանկում` որպես իրավաբանական վարչության պետ: Նա նաև բիզնես իրավունք, բանկային և ֆինանսական իրավունք է դասավանդում Հայաստանի ֆրանսիական համալսարանում: Նա ուսանել է եվրոպական ու ամերիկյան ուսումնական հաստատություններում: Նա ունի իրավագիտության մագիստրոսի աստիճան ֆինանսական և բանկային իրավունք, Եվրոպական միության առևտրային իրավունք բնագավառներում: Պարոն Ավետիքյանը հեղինակել է մի շարք հետազոտական աշխատանքներ հակակոռուպցիայի, թրաֆիքինգի, քրեական օրենսգրքի շուրջ:
Խորհրդատվական կոմիտեում գործունեություն է ծավալում 2008 թվականից:
Տեր Պարույր քահանա Ավետիսյանը, ավարտելով Սևանի Վազգենյան հոգևոր դպրոցը և Գևորգյան ճեմարանի վեցերորդ լսարանը, 2001 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռնադրվել է քահանա` ձեռամբ Կանադայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի: Ամենայն Հայոց կաթողիկոս Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի բարձր տնօրինությամբ ծառայության է կոչվել Սուրբ Հռիփսիմե վանքում կիրակի օրերը քահանայագործելու` շաբաթվա մյուս օրերին որպես ներեկեղեցական հարաբերությունների պաշտոնյա աշխատելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատանը:
Խորհրդատվական կոմիտեում գործունեություն է ծավալում 2004 թվականից: