Լսելու շնորհ

Այովայի երիցական եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի սաները գեղեցիկ նվեր մատուցեցին հայաստանաբնակ յոթնամյա Արուսիկին: Արուսիկը լսողության խնդիրներ ունի, և լսողական ապարատն անչափ կարևոր էր նրա համար: Արուսիկն ապրում է Վանաձորում ծնողների, երկու ավագ քույրերի ու կրտսեր եղբոր հետ: Վանաձորը 1988թ. երկրաշարժի արդյունքում խիստ տուժած քաղաքներից է. հազարավոր մարդիկ զոհվեցին աղետի պատճառով, որի հետևանքները մինչ օրս տեսանելի են:
 

Արուսիկի ընտանիքն ապրում է խարխուլ մի բնակարանում, կոտրված դռներով ու լուսամուտներով: Բնակարանը գտնվում է շենքի 8-րդ հարկում, իսկ վերելակն արդեն 10 տարի է չի աշխատում: Արուսիկն ու իր քույրերը լսողական լուրջ խնդիրներ ունեն, միայն նրանց եղբայրն է, որ լավ լսում ու խոսում է: Աղջիկների համար դժվար է շփվել հասակակիցների հետ. նրանք լավ չեն լսում, ինչը խնդիր է առաջացնում նաև բառերի ճիշտ արտասանության հետ: Չնայած կյանքի դժվարություններին ու աղքատությանը, աղջիկները չեն հուսահատվում, նրանց փարատում է ծնողների սերն ու հոգատարությունը: Ծնողները ջանք չեն խնայում երեխաներին պատշաճ կրթություն տալու: Լսողական թվային սարքի շնորհիվ Արուսիկն արդեն լսում է: Բժիշկն ասում է, որ շատ շուտով կբարելավվի նրա խոսքի ունակությունները, ինչը շատ կարևոր է Արուսիկի համար. չէ որ նա ուսուցչուհի է ուզում դառնալ:


Էլիզա Մինասյան

ՋՀՀ գործադիր տնօրեն