«Թվային գրագիտության բարելավում կորոնավիրուսից տուժած մարդկանց և բիզնեսների համար» ծրագրի հայտերի ընդունման հայտարարություն

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը  HSBC խմբի ֆինանսավորմամբ իրականացնում է «Կորոնավիրուսից տուժած մարդկանց թվային գրագիտության բարելավում» ծրագիրը: Հաշվի առնելով նոր կորոնավիրուսային համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ անցում կատարումն առցանց հարթակներին ու դրանց կառավարումը դարձել են անհրաժեշտություն ինչպես սկսնակ, այնպես էլ գործող ձեռնարկատերերի համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ անցումային փուլը առաջ է բերում  որոշակի մարտահրավերներ բիզնեսի և իր մարդկային ռեսուրսների համար, այս ծրագիրը շեշտը կդնի Հայաստանում թվային գրագիտության բարելավման վրա՝ ստեղծելով հնարավորություններ եկամուտների գեներացման համար` ամուր հիմք ստեղծելով բիզնեսի թվայնացման գործընթացի համար (Digital Trasnformation)` թիրախավորելով այն հիմնական հմտությունները, գիտելիքները և ունակությունները, որոնք թվայնացման գործընթացում կարող են անհրաժեշտ լինել կորոնավիրուսից տուժածների համար: 
 

Ծրագրի շահառուները կարող են լինել`

  • գործող ձեռներեցները,

  • ապագա անհատ ձեռներեցները,

  • այլ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք տուժել են կորոնավիրուս համաճարակից։
     

Ծրագիրը մշակված է առավելագույն արդյունավետություն և երկարաժամկետ աջակցություն ապահովելու մոդելով և կընդգրկի հետևյալ փուլերը՝
 

ՓՈՒԼ 1. Ծրագրին գրանցված մասնակիցները կստանան 5 կարճաժամկետ (յուրաքանչյուր թեման՝ 2 ժամ) և 4 երկարաժամկետ (յուրաքանչյուր թեման՝ 10 ժամ) դասընթացների հղումները և կգրանցվեն այն թեմաներին, որոնց դասընթացներին կցանկանան մասնակցել և ամրապնդել իրենց գիտելիքներն այդ ուղղությամբ։ Ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու համար երկարաժամկետ դասընթացները կներառեն նաև գործնական բաղադրիչներ, խմբային աշխատանքներ և աշխատանքային հիմունքներով քննարկումներ: Թեմաները ներկայացված են ստորև՝
 

Կարճաժամկետ դասընթացներ՝

  • Առցանց վճարման համակարգեր

  • Կիբերանվտանգություն

  • Անցում առցանց հարթակների

  • Առցանց հանդիպումներ կազմակերպելու հավելվածներ

  • Առցանց վաճառքի հարթակների ստեղծում

Երկարաժամկետ դասընթացներ՝

  • Թվային ռազմավարության մշակում

  • Հաջողակ վեբ կայքերի ստեղծում և դիրքավորում

  • Առևտրային սոցիալական ցանցերի գրագետ կառավարում

  • Հաճախորդների վարքագծի վերլուծություն և վերջիններիս ներգրավում առցանց եղանակով

Այն մասնակիցները, ովքեր հաջողությամբ կավարտեն թվային գրագիտության առնվազն 2 երկար և առնվազն 2 կարճ դասընթաց, հնարավորություն կունենան մասնակցել հաջորդ փուլի ընտրության գործընթացին:
 

ՓՈՒԼ 2.  Գործնական դասընթացների ընտրության գործընթացի շրջանակներում մասնակիցներից պահանջվում է ներկայացնել իրենց բիզնես գաղափարի և թվային վերափոխման ռազմավարության նկարագրություն, որը նրանք նախատեսում են իրականացնել ծրագրի շրջանակներում: Դիմումները ստանալուց հետո ընտրված թեկնածուները կհրավիրվեն առցանց հարցազրույցների: Մասնակիցների ընտրության գործընթացի մանրակրկիտ լինելու հիմնական նպատակը ծրագրի արդյունավետության ապահովումն է` նախագծում ներգրավվածության բարձր մակարդակի միջոցով:

Առնվազն 25 մասնակից կընտրվի երկրորդ փուլի համար` ելնելով հետևյալ չափանիշներից.

  • Բիզնես գաղափարի / վերափոխման ռազմավարության հակիրճ նկարագրություն (30%)

  • Կորոնավիրուսի ազդեցության մակարդակը ոլորտի վրա (20%)

  • Կորոնավիրուսի  ազդեցության մակարդակն անձի / ընտանիքի վրա (տարեց անդամների թիվը, երեխաների թիվը) (15%)

  • Կորոնավիրուսի ազդեցության մակարդակը բիզնեսի / բիզնես գաղափարի վրա (10%)

  • Ռազմավարությունը կյանքի կոչելու պատրաստակամությունը (15%)

  • Մասնագիտական ​​գիտելիքներ (10%)
     

Ընտրված 25 մասնակիցները մասնագետների և խորհրդատուների ղեկավարությամբ հնարավորություն կունենան մասնակցել գործնական դասընթացների՝ իրենց թվային վերափոխման ռազմավարությունը մշակելու համար: Դասընթացները կներառեն թվով 3 1 ժամ տևողությամբ անհատական դասեր (ընդհանուր՝ 3 ժամ):

Ծրագրի ավարտին առնվազն 10 մասնակից, ովքեր հաջողությամբ կմշակեն իրենց ռազմավարությունը և պատրաստակամություն կհայտնեն սկսելու իրենց բիզնեսի թվայնացման գործընթացը, հնարավորություն կունենան անցնել հաջորդ փուլ:
 

ՓՈՒԼ 3. Ամենահաջողակ մասնակիցներից առնվազն 10-ը, ովքեր հաջողությամբ կմշակեն իրենց թվային վերափոխման ռազմավարությունը, առաջին երկու ամսվա ընթացքում շարունակական աջակցություն կստանան մասնագետներից և խորհրդատուներից։ Մասնակիցները նաև կստանան անհատական խորհրդատվություն և գործնական աջակցություն ամսական 2 անգամ կամ ավելի հաճախ` ըստ պահանջի:
 

Հիշեցում՝ ծրագրին մասնակցությունն ԱՆՎՃԱՐ Է։


Ծրագրին Ձեր դիմումը լրացնելու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/17o0op9CQVa_z6JQ1NOVSsq_5bGNPqS9ipXNE6QH2wu