Այն տարիներին, երբ Հայաստանը գտնվում էր տնտեսական ու քաղաքական անկայուն վիճակում, Հովհաննեսը լքված ու քայքայված Թղկութ գյուղում հիմնեց իր ֆերման առանց սկզբնական կապիտալի: Այսօր Հովհաննեսը հաջողակ ֆերմեր է: 1989 թ. Հովհաննեսը գյուղատնտեսի գործը սկսեց հարևան ֆերմաների անասունները պահելուց: Յոթ տարի առաջ նա 10 կով վերցրեց պահելու` սկիզբ դնելով իր սեփական բիզնեսին: Երկու տարվա ընթացքում նրան հաջողվեց գնել այդ կովերը, այդպիսով` զարկ տալով շահավետ գործին: 2005 թվականին Ջինիշյան հիշատակի հիմնադրամը Հովհաննեսին վարկ տրամադրեց իր միկրովարկավորման ծրագրի շրջանակներում: Ուսումնասիրություններ կատարելով Մեղրիի շրջանում, որտեղ և գտնվում է Թղկութ գյուղը, և պարզելով, որ գյուղացիները զրկված են միկրովարկավորման հնարավորությունից, Ջինիշյան հիմնադրամը որոշեց իր ծրագիրը սկսել այս շրջանում:
Լինելով շրջանի ամենապարտաճանաչ վարկառուներից` երեք տարվա ընթացքում սկսնակ ֆերմերն իր տնտեսությունը մեծացրեց ավելի քան չորս անգամ: Այսօր նա Ա դասի վարկառու է համարվում, ինչը նշանակում է, որ նրան ծրագրով նախատեսված ամենամեծ վարկերն են տրամադրվում ամենացածր տոկոսադրույքներով: Շրջանում բոլորը գիտեն նրա բարձրորակ ու համեղ պանրի մասին:
Թղկութում արոտավայրերը կանաչ են լինում ամբողջ տարվա ընթացքում, ուստի աշխատասեր գյուղացու համար էժան անասնակերն ապահովված է:
ՙ
«Իմ կովերը միայն ծաղիկ են ուտում այդ է պատճառը, որ նրանց կաթն առանձնահատուկ համ ու հոտ ունի»,- կատակում է Հովհաննեսը: Ներկայումս նա տարեկան ավելի քան 12 տոննա պանիր է արտադրում: Մոնիտորինգներից մեկի ընթացքում Ջինիշյան հիմնադրամի աշխատակիցները հրավիրվեցին համտեսելու նրա պանիրը: Բոլորը հիացած էին պանրի որակով ու համով, որը հիշեցնում էր հունական ֆետա պանիրը: Մեղրիում և հարակից գյուղերում պանիրը հայտնի է որպես «Հովիկի պանիր»: Խանութի տերերն էլ պանիրը գնում են հենց ֆերմայից:
Հովհաննեսի ընտանիքն այժմ ուրախ ու հաջողակ է, չնայած որ դեռևս ապրում է հին ու խարխուլ տանը: