Հոկտեմբերի 8-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի ունեցավ Ջինիշյան հիշատակի հիմնադրամի 15-ամյա հոբելյանի գլխավոր միջոցառումը: Համերգ-հանդիսությանը ներկա էին կառավարության ներկայացուցիչները, Ամերիկայի միացյալ նահանգների Ջինիշյան հիշատակի ծրագրի ղեկավար անձիք, հիմնադրամի խորհրդատվական մարմնի անդամները, Լիբանանում և Սիրիայում գործող Ջինիշյան հիշատակի ծրագրի տնօրենները և անձնակազմի անդամները, Հայաստանի Ջինիշյան հիշատակի հիմնադրամի գործընկերներն ու շահառուները, հիմնադրամի անձնակազմը, նրանց ընտանիքների անդամներն ու ընկերները:
Ողջույնի խոսքով հանդես եկան Ջինիշյան հիշատակի ծրագրի Ամերիկայի խորհրդատվական կոմիտեի ատենապետ Մայքլ Հարաթունյանը, Ջինիշյան հիշատակի ծրագրի ղեկավար Վիկտոր Մակարին և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի գործադիր տնօրեն Էլիզա Մինասյանը: Շնորհակալություն հայտնելով ներկաներին այդ ուրախալի օրը Ջինիշյան հիմնադրամի հետ կիսելու առիթով` նա մասնավորապես նշեց. ՙԱյն ամենն, ինչ կարողացել ենք անել և դեռ պետք է անենք, հնարավոր չէր լինի իրականացնել առանց ձեր համագործակցության և նվիրված աշխատանքի: Մեծ երախտագիտությամբ լեցուն, խորին շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր իրենց անձվեր և անշահախնդիր աշխատանքով կարողացել են դրական փոփոխություններ կատարել երկրում՚:
Հայրենանվեր գործի և նշանակալի ավանդի համար Ջինիշյան հիշատակի հիմնադրամը ՀՀ կառավարության կողմից պարգևատրվել է շնորհակալագրով: Միջոցառման հանդիսավոր մասին հաջորդեց ՙԲարեկամություն՚ պարի պետական համույթի ելույթը, որն իր արվեստով հիացրեց ներկաներին:
Ջինիշյան հիմնադրամն իր 15 տարվա գործունեության ընթացքում տնտեսական, առողջապահական, կրթական, համայնքային զարգացման, քաղաքացիական հասարակության և հոգևոր վերելքի բնագավառներում օգնւթյան եվ զարգացման իր բազմաբնույթ ծրագրերի միջոցով միշտ ձեռք է մեկնել նրանց, ովքեր աջակցության խիստ կարիք են ունեցել: Այսօր էլ, առաջ շարժվելով ժամանակի խնդիրներին ու կարիքներին համաքայլ, այն շարունակում է կարևոր գործ անել և օժանդակում է ծանր պայմաններում գտնվող մեր հայրենակիցներին` դուրս գալու չքավորությունից և հաղթահարելու հուսահատությունը, տևական լուծումներ տալով սոցիալական և տնտեսական խնդիրներին: