Փետրվարի 26-ին Ջինիշյան հիշատակի հիմնադրամը պատիվ ունեցավ ընդունելու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին: Ողջունելով հյուրերին` Ջինիշյան հիշատակի հիմնադրամի/ ՋՀՀ/ գործադիր տնօրեն Էլիզա Մինասյանը ՋՀՀ պատմական ակնարկ կատարեց և ներկայացրեց կազմակերպության գործունեությունների շրջանակը: Հանդիպման ջերմ մթնոլորտը ՋՀՀ թիմին թույլ տվեց անկաշկանդ կերպով քննարկել ՋՀՀ ընթացիկ ծրագրերը տնտեսական զարգացման, առողջապահության, քաղաքացիական հասարակության, համայնքահեն զարգացման, կրթության և հոգևոր վերելքի ոլորտներում:
Շեշտադրելով Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման կարևորությունը` դեսպանը հավանության արժանացրեց ՋՀՀ կրթական և քաղաքացիական հասարակության ծրագրերում երիտասարդությանը, որպես հասարակության ամենաարագ արձագանքող, ճկուն և կարևոր հատված, թիրախ դիտարկելու գաղափարը:
Խոսելով հիմնադրամի հետագա պլանների և գործունեությունների ընդլայնման վերաբերյալ` ՋՀՀ թիմն անդրադարձ կատարեց նաև ՋՀՀ կողմից ֆինանսական միջոցների հայթայթման հնարավորություններին և ընդհանրապես Հայաստանում դրամահավաքի ինստիտուտի վիճակին: Հանդիպման ընթացքում շոշափվեց նաև մեկ այլ կարևորագույն հիմնախնդիր` ընտանեկան բռնությունը Հայաստանում: Որոշվեց այս բնագավառում կատարել փորձի փոխանակում:
Հանդիպումն օգտակար էր և քաջալերող երկու կողմի համար: Դեսպանի անկեղծ հետաքրքրությունը ՋՀՀ գործունեության նկատմամբ հիմնաքար կհանդիսանա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի միջև հետագա համագործակցության համար: