ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ամերիկյան գրասենյակի տնօրեն Էլիզա Մինասյանին և նույն հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանին:
Ողջունելով հյուրերին` Լևոն Մկրտչյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի դպրոցներում լրացուցիչ կրթության ապահովման ուղղությամբ տարվող «Ջինիշյան» հիմնադրամի գործունեությունից:
«Հանրակրթության ոլորտում նախատեսվող բարեփոխումների շրջանակում կարևոր նշանակություն է տրվելու լրացուցիչ կրթական ծրագրերին և այս համատեքստում առաջնային է դպրոցներում արդեն քննություն բռնած ծրագրերի փորձի ուսումնասիրությունը»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Արմեն Հակոբյանը երախտագիտություն է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար: Նա տեղեկացրել է, որ նախարարության հետ կնքած համագործակցության հուշագրի շնորհիվ տարիների ընթացքում արդեն հանրապետության ավելի քան 130 դպրոցի միջին դասարանների աշակետների համար կազմակերպվում են «Բանավեճային ակումբներ», որոնք հնարավորություն են ընձեռում ոչ միայն տիրապետելու խոսքի, բանավիճելու արվեստին, այլ նաև բանավեճերի միջոցով հանրությանը հասանելի դարձնելու դպրոցականներին հուզող հարցերը: Անդրադառնալով հիմնադրամի կողմից Հայաստանի մարզերում իրականացվող գործունեությանը` Ա. Հակոբյանը նշել է նաև, որ մարզերում իրենք համագործակցում են պետական բուհերի հետ` հիմնականում քաղաքացիական գիտակցության բարձրացմանն ուղղված ծրագրերով:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին Էլիզա Մինասյանը տեղեկացրել է, որ մտադիր են ծրագիր իրականացնել 6-12 տարեկան երեխաների շրջանում` այս դեպքում արդեն կրթությունը կազմակերպելով խաղերի միջոցով: Նրա հավաստմամբ` հիմք ընդունելով ֆիննական կրթության մոդելը, խաղերի կազմակերպման համար մշակվել են հստակ մոդելներ:
Առաջիկայում աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելու համար Լևոն Մկրտչյանն առաջարկել է ճշգրտել առաջնահերթություններն ու գործունեության ուղղությունները:
Աղբյուրը՝ http://edu.am/index.php?id=8348&topMenu=-1&menu1=-2&menu2=-1