Դեկտեմբերի 8–ին «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամն իր «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում կազմակերպեց այց Ազգային ժողով Ճամբարակի թիվ 2, թիվ 4 դպրոցների, Մարտունի, Գետիկ, Մեծ Մասրիկ և Աչաջուր գյուղերի դպրոցների բանավեճի ակումբների անդամների համար: Այցելության ընթացքում Տեղեկատվական վարչության պետ Մարուսյա Ասատրյանն աշակերտներին ներկայացրեց Ազգային ժողովի պատմությունը, որից հետո աշակերտները շրջեցին խորհրդարանի շենքում և ներկա գտնվեցին ԱԺ նիստերի դահլիճում ընթացող գալիք տարվա պետական բյուջեի նախագծի քննարկմանը:
Այցի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ: Հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահը ներկայացրեց հանրապետության օրենսդիր մարմնի աշխատանքը, երկրի ներքաղաքական իրավիճակը և սահմանադրական փոփոխություններից սպասվող ակնկալիքները: Հանդիպման ընթացքում աշակերտներն իրենց հարցերն ուղղեցին Հերմինե Նաղդալյանին՝ ուղղված Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ անցկացված հանրաքվեին և կրթական ոլորտում առկա խնդիրներին:
Այցի ավարտին աշակերտներն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվեցին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:
Հուսով ենք, որ մեր համագործակցությունն Ազգային ժողովի հետ կլինի շարունակական, ինչը կարևոր նշանակություն կունենա «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրի հետագա փուլերի արդյունավետ իրականացման համար:
Ցանկանում ենք հայտնել մեր երախտագիտությունն Ազգային ժողովի աշխատակազմին` դպրոցների բանավեճի ակումբների անդամներին ընդունելու և արդյունավետ այցելություն կազմակերպելու համար: