Ջինիշյան հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ), Բաց Հասարակության Հիմնադրամներ - Հայաստանի (ԲՀՀ) և “Վորլդ Վիժն Հայաստան” կազմակերպության (ՎՎ) հետ համատեղ ուժերով իրականացվող և համաֆինանսավորվող “Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ 2013-2014” (ԵՆՀ) բանավեճի ակումբների ստեղծման ծրագրի շրջանակներում սույն թ-ի մայիսի 1-ին, 2-ին և 3-ին Երևան քաղաքում տեղի ունեցավ Բանավեճի հանրապետական մրցաշարը (ԲՀՄ):
Արդեն տասներրորդ տարին է, ինչ ուսումնական տարվա վերջում իրականացվում է Բանավեճի հանրապետական մրցաշարը, որը մի մեծ իրադարձություն է դարձել ծրագրում ուղղակի և անուղղակի կերպով ներգրավված բոլոր շահառուների համար` բանավեճի ակումբի անդամների, նրանց ղեկավարների, ծնողների, ուսուցիչների, դատավորների և ծրագիրն իրականացնողների համար: Բանավեճի հանրապետական մրցաշարը ուսումնական տարվա ընթացքում բանավեճի ակումբներոմ երեխաների կողմից ձեռք բերած հմտությունների, գիտելիքների և փորձի արտացոլումն է:
Այս տարի ԲՀՄ-ում մրցեցին ծրագրում ընդգրկված 120 դպրոցի 28 հավաքական թիմ յուրաքանչյուրը բաղկացած 5-7 անդամից: Վանաձոր, Գյումրի, Էջմիածին, Մեծամոր, Արմավիր, Աբովյան, Հրազդան, Սևան, Գավառ, Արտաշատ, Մասիս, Աշտարակ, Ապարան, Վարդենիս, Թալին և Երևան քաղաքներից, ինչպես նաև Դալարիկ, Քարակերտ, Լեռնագոգ, Աքորի, Ախթալա, Ճոճկան, Հաղպատ, Շենավան, Շինուհայր, Սառնակունք, Բռնակոթ, Արտենի, Ներքին Բազմաբերդ, Մաստարա, Մեծ Մասրիկ, Գյուլագարակ, Ուռուտ և Սվերդլով գյուղական համայնքներից մայրաքաղաք ժամանած հավաքական թիմերը պայքարեցին մրցանակային տեղերի համար: Բոլոր մասնակից դպրոցներում ծրագրով ստեղծվել էին բանավեճի ակումբներ: Դպրոցականներն ուսումնական տարվա ընթացքում արդեն իսկ մասնակցել էին մի շարք ներակումբային և միջդպրոցական բանավեճերի:
ԲՀՄ-ի առաջին երկու օրվա ընթացքում մասնակիցները բանավիճեցին քաղաքացիական հասարակությանն առնչվող թեմայի շուրջ` ''ՀՀ պետական քաղաքականությունը չի նպաստում երիտասարդ ընտանիքների ստեղծմանն ու կայացմանը”, “ՀՀ-ում ՀԿ-ների և քաղաքացիական նախաձեռնությունների գործունեությունն ազդում է պետական որոշումների կայացման վրա”, “ՀՀ սփուռքի նախարարության գոյությունն արդարացված է”: Մասնակիցները նախապես ուսումնասիրել ու գիտելիքներ էին ձեռք բերել նշված թեմաների վերաբերյալ:
Վանաձոր 1 և Վանաձոր 3 հավաքական թիմը դուրս եկավ եզրափակիչ փուլ և մրցեց եզրափակիչ փուլում` բանավիճելով ''ՀՀ պետական քաղաքականությունը չի նպաստում երիտասարդ ընտանիքների ստեղծմանն ու կայացմանը” թեմայի շուրջ: Վանաձոր 3 թիմը ժյուրիի անդամների կողմից հաղթող ճանաչվեց :
Մրցույթի ավարտին ԲՀՄ-ի մասնակիցներին տրվեցին պարգևանշաններ, նվերներ և պատվոգրեր ծրագիրն իրականացնողների կողմից:
ԲՀՄ-ն դատեցին և մեկնաբանեցին միջազգային և տեղական կազմակերպություններից հրավիրված փորձագետներ: Իրենց ելույթների ժամանակ դատավորները կարևորեցին և բարձր գնահատեցին ծրագիրը, որը նպաստում է քաղաքացիական հասարակության զարգացմանը: Այն հնարավորություն է ընձեռում դպրոցական երեխաներին արտահայտելու իրենց կարծիքը և տեսակետը` հասարակության համար արդիական տարբեր թեմաների շուրջ և պաշտպանելու իրենց դիրքորոշումը` հիմնվելով փաստերի վրա:
Բանավեճի հանրապետական մրցաշարն եզրափակում է ուսումնական տարում ծրագրով նախատեսված բանավեճերի շարքը` հանդիսանալով ամենահանդիսավոր և պատասխանատու իրադարձությունը, և այն փայլուն հնարավորություն է ընձեռում աշակերտներին հանդիպելու այլ քաղաքների իրենց հասակակիցների հետ և մի քանի օր անցկացնելու` որպես ''Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ’' ծրագրի մեծ ընտանիքի անդամ: