Երևի առաջին հոդվածիցս հիշում եք, որ կենսաբանության ժամին ես Լոնդոնի փողոցներում եմ թափառում, ու էլի զանգը կտրեց ինձ իմ երազանքներից, անձրևի տակ թրջվելուց ու վերադարձրեց իրականություն:
-Ի՞նչ ա էս ժամը,- հարցրի ես դասարանին, ու պատասխանը փոխեց իմ տրամադրությունը: Հասարակագիտություն էր: Ինչ լավ ա` մտածեցի ես, հիմա ընկեր Գրիգորյանը կգա ու էլի բուռն քննարկումներով դաս կանենք:
«Բարև ձեզ, նստեք»-ին հաջորդեց դասի թեման՝ «Ընկերություն»: Թեմա, որի մասին ես ունեի հստակ դիրքորոշում՝ չկան ընկերներ: Ինչպես ամեն անգամ հստակ ու հանդարտ տոնով սկսեց ընկեր Գրիգորյանը: Հա, մոռացա նշել, որ այս ամենը 2 տարի առաջ էր, երբ ես 8-րդ դասարանում էի: Մինչև հիմա հիշում եմ այս խոսքերը. «Ըստ հույն փիլիսոփա Արիստոտելի, ընկերությունը բաժանվում է երեք տեսակի՝ ընկերություն հիմնված օգուտի վրա, ընկերություն հիմնված հաճույքի վրա և ընկերություն հիմնված բարիքի վրա»:
Դե, արդեն պարզ էր, թե որ տեսակը ինչպիսինն էր: Իսկ ես անմիջապես ձեռք բարձրացրի ու…
-Մեր օրերում չկա ընկերություն հիմնված բարիքի վրա,- տոնս հստակ էր ու կարծես անբեկանելի:
Դե, բնականաբար շատերը դեմ էին: Անցավ մի քանի ամիս: Համացանցում տեսա հայտարարություն 10-12-րդ դասարանցիների համար: Հետաքրքիր ծրագիր էր՝ «Բանալի», սակայն ես փոքր էի, դեռ նոր պետք է ավարտեի 8-րդ դասարանը: Բայց լրացրեցի հայտը, ոչ ոքի չասելով դրա մասին: Առաջին անգամ էի հայտ լրացնում, երկու օր անց ես արդեն իսկ մոռացել էի թե՛ այդ ծրագրի, և թե՛ հայտի մասին: Անցավ մեկ ամիս, ամառային հերթական ձանձրալի օրերից էր, ի զարմանս ինձ, լսվեց հեռախոսիս ձայնը: Անծանոթ համար էր, դե, բնականաբար զարմացա. ո՞վ պետք է զանգի ինձ ամառային արձակուրդներին, այն էլ անծանոթ համարից: Վերցրի, ու հեռախոսի հակառակ կողմից լսվեց այս խոսքերը. «Ձեզ անհանգստացնում են Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամից: Ցանկանում ենք տեղեկացնել, որ ընտրվել եք «Բանալի» ինտելեկտուալ խաղ-մրցույթին, որպես մասնակից»: Այդ զանգից անցել է մեկ տարի և մի քանի ամիս, բայց միչև հիմա հիշում եմ այդ խոսքերը, այդ ձայնը…
Հա, հա, հիմա կհասկանաք, թե ինչ կապ կար այս զանգի ու ընկերության դասի միջև:
Եկավ օրը, որ պետք է գնայի առաջին դասընթացին: Առաջին անգամ մասնակցում էի նման ծրագրի, այն էլ ոչ իմ տարիքային խմբի համար, բնականաբար լարվածություն կար:
18 մասնակից էինք, բայց ով կմտածեր, որ այդ 18-ից երկուսը կդառնան լավագույն ընկերներս` Մանան և Նորայր, որ այդ երկուսը կստիպեն փոխեմ դիրքորոշումս, երկուսին ավելացնեմ ևս երկուսը, և այդպես շարունակ, ու այսօր վստահաբար ասեմ, որ կա ընկերություն հիմնված բարիքի վրա:
Իսկ հիմա, երբ ինձ հարցնեն, ինչպիսին պետք է լինի իդեալական ընկերը, ես միայն անուններ կարող եմ թվել՝ Նորայր, Մանան, Աննա, Աստղիկ, Նարեկ, Սերյոժա, Կարինե, Գայանե, և այդպես շարունակ…
Հաճախ են մարդիկ խոսում կյանքի գրքի մասին, հիմա իմ կյանքի գրքի մի ամբողջ ենթավերնագիր է «Բանալին»: Բանալի, որը իմ առաջ բացեց բազում դռներ, ամենակարևորը` ընկերության դուռը… Ընկերության դուռ, միևնույն է, որքան էլ դա տարօրինակ թվա, քեզ համար կա նման «դուռ»…
Աղբյուրը՝ http://www.17.am/