Խաչատրյան Մանե, Ախուրյանի շրջանից, այժմ 1,5 տարեկան է:
Ծնվելուց հետո երեխան չի անցել ուլտրաձայնային հետազոտություն, քանի որ այդ օրը մասնագետը բացակայել է աշխատանքից: Երեխան դուրս է գրվել հիվանդանոցից: Մեկ ամիս անց երեխան այցելել է հիվանդանոց մանկաբույժի կոնսուլտացիայի: Այդ օրն «երջանիկ պատահականությամբ» մանկաբույժի սենյակում է լինում նաև ուլտրաձայնային հետազոտության մասնագետը: Իմանալով որ երեխան չի անցել հետազոտություն` առաջարկում է ծնողներին կատարել այն: Պարզվում է, որ երեխան ունի երկկողմանի բնածին հոդախախտ: Երեխային բուժման է վերցնում Գյումրիի մանկական օրթոպեդն, ով ծնողներին մանրամասն բացատրում է, թե ինչ է կոնքազդրային հոդի հոդախախտն, ինչպիսի բուժման կուրս պետք է ստանա երեխան, և, թե ինչ հետևանքներ կունենա, եթե ճիշտ և ժամանակին չստանա համապատասխան բուժում: Գիտակցելով այդ հաշմանդամություն առաջացնող հիվանդության լրջությունը` ծնողները լսում են բժշկի խորհուրդները և խոստանում են լինել հետևողական բուժման ողջ ընթացքում:
Բուժումը սկսում են Պավլիկի շինայով, որն երեխան կրում է մինչև վեց ամսեկան հասակը: Պարբերաբար այցելելով Գյումրիի մանկական օրթոպեդին և կատարելով բոլոր խորհուրդները` երեխայի բուժումն ընթանում է նորմալ: Պավլիկի շինայից հետո, երեխան այցելում է Երևան, որտեղ թիմի կողմից զննում անցնելուց հետո որոշվում է, որ երեխան պետք է կրի նաև զատող շինա մինչև մեկ տարեկան հասակը: Ծնողներին բացատրվեց զատող շինայի կարևորությունը, կրելու հմտությունները, խնամքը և նշանակվեց կրկնակի այց և ռենտգեն նկարահանում մեկ ամսից: Շինան պատրաստվեց Երևանում:
Մեկ տարեկան հասակում կրկին կատարվեց ռենտգեն նկարահանում: Երևանի թիմի կողմից երեխայի վիճակը գնահատվեց բավարար, շինան հանվեց, նշանակվեց կրկնակի այց, երբ երեխան կքայլի ինքնուրույն:
Այս տարի հունվարի վերջին երեխան կրկին այցելեց Արաբկիր բժշկական կենտրոն հերթական ստուգման: Երեխան քայլում էր ինքնուրույն և ազատ: Զննումից հետո երեխայի վիճակը գոհացրեց թիմի անդամներին: Երեխան կմնա հսկողության տակ ևս մեկ տարի:
Ծնողների երջանիկ և շնորհակալ հայացքներից կրկին համոզվում ես, որ ուլտրաձայնային հետազոտությունը կոնքազդրային հոդախախտի վաղ հայտնաբերման համար լավագույն միջոցն է: Ժամանակին և ճիշտ բուժումը կարող է երջանկացնել բազում ընտանիքների և լուծել ոչ միայն առողջական, այլև` սոցիալական խնդիրներ հատկապես անապահով ընտանիքներում:
Շատ հաճախ հանդիպում են դեպքեր, երբ ծնողների և ընտանիքի անդամների անտարբերությունը կամ անվստահությունը բուժաշխատողների նկատմամբ, ընտանիքին կանգնեցնում են երեխաների առողջության հետ կապված խնդիրների առաջ: Լինում են նաև դեպքեր, երբ ավանդական մտածելակերպը «հանկարծ հարևանները չիմնան, որ երեխան ունի խնդիրներ» կամ «մեծանա կանցնի» վերաբերմունքը խանգարում է ընտանիքին ժամանակին դիմել համապատասխան բժշկին մասնագիտական բուժօգնություն ստանալու համար:
Ծրագրի մասին ...