Սույն թվականի նոյեմբերի 14-ին և 15-ին տեղի ունեցավ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ) կողմից իրականացվող ուսանողական բանավեճի հանրապետական մրցաշարը, որն անց էր կացվում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանյան գրասենյակի (ԵԱՀԿ-ի) և ԱՄՆ դեսպանատան հովանավորությամբ: Երևանից և ՀՀ մարզերից (Գյումրիից, Կապանից, Վանաձորից, Իջևանից, Գորիսից, Գավառից) ուսանողական թիմերը հավաքվեցին Երևան քաղաքում` եզրափակիչ բանավեճերի համար: Ուսանողները բանավիճեցին և պաշտպանեցին իրենց տեսակետներն այնպիսի կարևոր հասարակական խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են`«ՀՀ պետական բուհերում կրթությունը պետք է լինի անվճար», «Պետությունը պետք է ֆինանսավորի երիտասարդական քաղաքական կուսակցություններին»:
Ուսանողական բանավեճի հանրապետական մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս եկան երկու թիմ` Գյումրու և Երևանի հավաքական ուսանողական թիմերը և բանավիճեցին «ՀՀ-ում կանայք պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն» թեմայի շուրջ:
Բանավեճում հաղթող ճանաչվեց Գյումրու հավաքական թիմը:
Երևանի հավաքական թիմը զբաղեցրեց 2-րդ մրցանակային տեղը: Հաղթողներին շնորհվեցին պատվոգրեր և շքանշաններ: