«ՏՏ հմտություննների բարելավում երիտասարդների համար՝ մարզերում աշխատատեղեր ստեղծելու նպատակով» ծրագրի հայտերի ընդունման հայտարարություն

Տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնի հետ համատեղ ֆինանսավորմամբ իրականացնում է ՏՏ հմտությունների զարգացման ծրագիր` մարզում բնակվող 18-45 տարեկան բնակչության համար: Ծրագիրն իրականացվելու է Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզի բնակիչների համար։ Ծրագրի շրջանակներում մասնակիցներն առիթ կունենան խորությամբ ուսումնասիրել ինժեներական և ծրագրավորման տարբեր ուղղություններ, ինչպես նաև ձեռք բերել այլ տեխնիկական և միջանձնային հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ։ Ծրագիրը տևելու է 6-8 ամիս: Դասընթացներին հաջորդելու է աշխատանքային պրակտիկան ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում (Instigate Group Companies, Digital Pomegranate, Luseen Technologies): Ծրագրի մասնակիցներից ակնկալվում է ապահովվել լիարժեք ներկայություն և ակտիվ մասնակցություն: Այն մասնակիցները, որոնք ծրագրի ընթացքում ձեռք կբերեն բավարար քանակությամբ հմտություններ և գիտելիքներ, աշխատանքի կանցնեն ծրագրի գործընկեր ՏՏ ոլորտի ընկերություններում, որոնց հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն։
 
Ծրագրի փուլերն առավել մանրամասնությամբ ներկայացված են ստորև՝
 
ՓՈՒԼ 1. Ընտրության առաջին փուլում դիմորդները կմասնակցեն գրավոր տեստի՝ լուծելու մաթեմատիկական, տրամաբանական և ալգորիթմական խնդիրներ, որից հետո կհրավիրվեն հարցազրույցի։
 
ՓՈՒԼ 2. Ընտրության երկրորդ փուլի արդյունքում ընտրյալները կմասնակցեն մարզում ձևավորված խմբերի համար նախաձեռնված խորացված ինժեներական և ծրագրավորման դասընթացներին՝ տարբեր մասնագիտական ուղղություններով: 
 
ՓՈՒԼ 3. Դասընթացի մասնակիցները կանցնեն 2 ամիս տևողությամբ աշխատանքային պրակտիկա, որը կիրականացվի գործընկեր ՏՏ ոլորտի ընկերություններում։
 
ՓՈՒԼ 4. Դասընթացները և աշխատանքային պրակտիկան հաջողությամբ ավարտած մասնակիցները կանցնեն աշխատանքի՝ մարզում գործող ՏՏ ոլորտի ընկերություններում, որոնց հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն։ 
 
Բաց մի՛ թողեք դարի ամենապահանջված մասնագիտություններից մեկի մեջ հմտանալու և Ձեր քաղաքում ՏՏ ոլորտը զարգացնելու հնարավորությունը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել ՋՀՀ գրասենյակ՝ (00374 10) 54 44 17; 54 44 18; 094 54 49 17: 
 
Դիմումի լրացման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 25-ը: