ՏՏ և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ծրագրի հայտերի ընդունման հայտարարություն

Տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը HSBC բանկի հետ համատեղ իրականացնում է ՏՏ և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ծրագիր` մարզում բնակվող 18-50 տարեկան բնակչության համար: Ծրագիրն իրականացվելու է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզի բնակիչների համար։ Ծրագրի շրջանակներում մասնակիցներն առիթ կունենան խորությամբ ուսումնասիրել ինժեներական և ծրագրավորման տարբեր ուղղություններ, ինչպես նաև ձեռք բերել այլ տեխնիկական և միջանձնային հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ։ Դասընթացը նախատեսված է իրականացնել 6-8 ամիս տևողությամբ, շաբաթական 5 օր,  իսկ ժամերը կհստակեցվեն մասնակիցների հետ միասին: Դասընթացներին հաջորդելու է աշխատանքային պրակտիկան ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում (InstigateDigital PomegranateLuseen TechnologiesMasys Information SystemsHimnarkOsensus): Ծրագրի մասնակիցներից ակնկալվում է ապահովվել լիարժեք ներկայություն և ակտիվ մասնակցություն: Այն մասնակիցները, որոնք ծրագրի ընթացքում ձեռք կբերեն բավարար քանակությամբ հմտություններ և գիտելիքներ, աշխատանքի կանցնեն ծրագրի գործընկեր ՏՏ ոլորտի ընկերություններում, որոնց հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն։ Ծրագրի փուլերն առավել մանրամասնությամբ ներկայացված է ստորև։

ՓՈՒԼ 1. Ընտրության առաջին փուլի արդյունքում դիմորդները կմասնակցեն հիմնական դասընթացին նախորդող կողմնորոշիչ աշխատանքային սեսիաների, որի ընթացքում մասնակիցները կաշխատեն լուծել բազմապիսի մաթեմատիկական և ալգորիթմական խնդիրներ՝ կիրառելով Աղվես, Կրիա և այլ ծրագրեր։ Այս փուլի տևողությունը 1-ից 2 ամիս է։

ՓՈՒԼ 2. Ընտրության երկրորդ փուլի արդյունքում ընտրյալները կմասնակցեն մարզում ձևավորված խմբերի համար նախաձեռնված խորացված ինժեներական և ծրագրավորման դասընթացներին՝ տարբեր մասնագիտական ուղղություններով: Դասընթացները կանցկացվեն 6 ամիսների ընթացքում, Ինսթիգեյթ ուսումնական կենտրոնի և մարզով շահագրգռված կազմակերպությունների ավագ մասնագետների կողմից։

ՓՈՒԼ 3. Դասընթացի մասնակիցները կանցնեն 2 ամիս տևողությամբ աշխատանքային պրակտիկա, որը կիրականացվի գործընկեր ՏՏ ոլորտի ընկերություններում։

ՓՈՒԼ 4. Դասընթացները և աշխատանքային պրակտիկան հաջողությամբ ավարտած մասնակիցները կանցնեն աշխատանքի՝ մարզում գործող ՏՏ ոլորտի ընկերություններում, որոնց հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն։ 

ՓՈՒԼ 5. Մասնակիցներին տրամադրվում է շարունակական (մինչև 2 տարի) աջակցություն (Peer Support), որն ուղղորդվում է փորձառու փորձագետների և ծրագրին նախկինում մասնակցած այլ մասնագետների աջակցությամբ:

Բաց մի՛ թողեք դարի ամենապահանջված մասնագիտություններից մեկի մեջ հմտանալու և Ձեր քաղաքում ՏՏ ոլորտը զարգացնելու հնարավորությունը: Ծրագրի մասնակցությունն անվճար է:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել ՋՀՀ գրասենյակ՝ (00374 10) 54 44 17; 54 44 18; 094 54 49 17

Դիմումի լրացման վերջնաժամկետն է սույն թվականի մարտի 5-ը՝ միայն Լոռու մարզի դիմորդների համար։