Սույն թվականի փետրվարի 3-ին, 10-ին և 13-ին «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ 2013-2014ե ծրագրի մասնակից հանդիսացող Արմավիրի, Դալարիկի, Էջմիածնի, Լեռնագոգի, Մեծամորի, Սևանի և Քարակերտի ավելի քան 100 աշակերտ և 10 ուսուցիչ մասնակցեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակում կազմակերպված քաղաքացիական սեմինարին: Նրանց հյուրընկալեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակքոյը: Մեկուկես ժամ տևած հանդիպման ժամանակ պրն. Մակքոյը խոսեց ԵԱՀԿ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատմության, կառուցվածքի, նպատակների և առաքելությունների մասին:
Եվ աշակերտները, և ուսուցիչները շատ հետաքրքրված էին այս հանդիպման ընթացքում արծարծված տարբեր թեմաներով, ինչպիսիք էին ՀՀ-ում ժողովրդավարացման գործընթացը, ՀՀ-ում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները, Լեռնային Ղարաբաղի խնդիրը և դրանում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերն ու գործունեությունը: Քննարկումներից և հարցուպատասխանից հետո աշակերտները դիտեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից նկարահանված մի քանի կարճամետրաժ ֆիլմ` մարդու իրավունքների, ժողովրդավարության, խոսքի ազատության, լրատվամիջոցների ազատության և այլ թեմաների վերաբերյալ: Աշակերտները բաց չթողեցին հնարավորությունը հարցեր ուղղել այն թեմաների վերաբերյալ, որոնց շուրջ նրանք պատրաստվում էին բանավիճել բանավեճերի միջդպրոցական առաջնության շրջանակներում:
Վերջում աշակերտներն այցելելեցին ԵԱՀԿ գրասենյակի գրադարան, որտեղ նրանք հնարավորություն ստացան օգտվել գրադարանում առկա բազմաթիվ ռեսուրսներից: