«Անտարբերությունը հոգու կաթված է, անժամանակ մահ»,-ասում էր Անտոն Չեխովը։ Աշխարհում օգնության կարիք ունեցող որքա՜ն երեխաներ ուրախություն են ապրում հենց միայն այն փաստից, որ արժանանում են ուշադրության ու հոգատար վերաբերմունքի։ «Մենք լքված չենք»,- այս եզրահանգումը ու շրջապատի համար սեփական նշանակության գիտակցումը նրանց համար արդեն վերափոխվում է գործելու, ապրելու եռանդի։ Ապրելու այդ ձգտումը վարակում է բոլորին՝ ապացուցելով նաև, որ սրտացավությունը հոգու թռիչք է, հավերժ կյանք։ Իսկ որքան առաքինություն կա այն ամենում, երբ աշխարհի ինչ-որ անկյունում խոսում է բարությունն ու ստիպում առանձին անհատների կամ կազմակերպությունների ներդրում ունենալ բարեգործական կամ զարգացման տարբեր ծրագրերում։ Սակայն, բազմապատկվում է բոլորիս ուրախությունը, երբ հանդիպում ենք իրացված այնպիսի ծրագրերի, որտեղ պետական սահմաններ հաղթահարած այլոց սրտացավ վերաբերմունքը ակամա դառնում է հայրենի եզերքում երիտասարդության սրտացավության խթանիչը։ Այո՛, լինում է և այդպես, երբ Հայաստանի խնդիրների կողքով անտարբեր չանցնող բարեգործական հիմնադրամների ծրագրերին անդամագրվում են երիտասարդներ, ովքեր հենց իրենք են դառնում բարեգործներ և ուրախ կյանք պարգևում դժբախտության մեջ հայտնված երեխաներին։ Նորայրն ու Սարգիսն այն երիտասարդներից էին, ովքեր իրենց հաջողությունն էին փնտրում կյանքում, բայց գտան իրենց կյանքը CDA կոչվող ծրագրում։ Նրանք գրեցին «Կրթություն բոլոր դժվարություններին ընդառաջ» ծրագիրը և «Ջինիշյան» հիմնադրամի CDA ծրագրի շրջանակներում 2016 թվականին այն կյանքի կոչելու հնարավորություն ստացան: Ծրագրի նպատակն էր օժանդակել պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում մշտական բուժում ստացող 7 -15 տարեկան երեխաների կրթական գործընթացին: Շաբաթական երկու անգամ նրանք կամավորական իրենց ընկերներների հետ միասին այցելում էին կենտրոն և երեխաններին ուսուցանում դպրոցական ծրագրով նախատեսված առարկաները:
«Ինչո՞ւ հիվանդության պատճառով ետ մնալ ուսումից, ինչո՞ւ հանրությունից առանձնացած զգալ քեզ, այս հարցերը շատ էին հուզում մեզ»,-անկեղծանում են տղաները։ Հենց այդ հարցերը տալու ու պատասխանները փնտրելու արդյունքում նրանք գրեցին իր ծրագիրը։ Ծրագրի իրագործման ժամանակ պարզ դարձավ, որ ոչ միշտ էին երեխաները կարողանում ժամանակ գտնել ուսուցման գործընթացին մասնակցելու համար, քանի որ լինում էին դեղերի ազդեցության տակ: Նույնքան խնդրահարույց էր հարևան սենյակներում գտնվող երեխաների մեկուսացվածության հաղթահարումը։ Սակայն, ընդամենը օրեր անց, երեխաները միմյանց հետ կապվեցին ամուր ընկերական կապերով ու մոռացան ցավի մասին։ Հարևան հիվանդասենյակներից «դասընկերները» շտապում էին «դպրոց»՝ շփվելու, գիտելիք ստանալու ու խաղալու համար։
Ծրագրի ավարտից շատ չանցած CDA for Change երևանյան ծրագրային թիմի անդամ Նորայրը Հայ կամավորների բանկ ԵՀԿ կողմից ճանաչվեց «Տարվա ամենամարդասիրական կամավորական ծրագիր» հատուկ անվանակարգում հաղթող։
Նորայր Գաբրիելյանի ու Սարգիս Միրզոյանի հեղինակած «Կրթություն բոլոր դժվարություններին ընդառաջ» ծրագիրը բոլորին հավատ էր ներարկել, որ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը տարբեր դոնոր կազմակերպությունների հովանավորությամբ ու աջակցությամբ նոր ընթացք կտա մարդասիրական նորանոր ծրագրերին, որոնք ծագում են հայ երիտասարդության շրջանում: