Համառ գյուտարարը

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի երևանյան գրասենյակ մտնելիս հյուրերը զարմանքով նկատում են, որ 21-րդ դարի նորարարական առաջընթացը չի շրջանցել ջինիշյանցիներին։ Իմաստուն ռոբոտի տեսքով այդ սարքը սովորական աղբարկղն է, որը մարդու պարզած ձեռքը չի թողնում անպատասխան և բացվում է՝ կարծես փորձելով ասել, որ ինքը ձեռք է մեկնում բոլոր նրանց, ովքեր ունեն իր կարիքը։ Այդ սարքի հեղինակը Սարգիս Կևեյանն է, իսկ պատրաստվել է այն նրա հիմնադրած լաբորատորիայում։

Սարգիսը «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Ակտիվ երիտասարդները հանուն փոփոխության» (YAC) ծրագրի մասնակիցներից է։ 2017թ․ նա իր երեք ընկերոջ հետ նախաձեռնեց Գավառի երեխաների համար ուսումնական կենտրոն-լաբորատորիա հիմնելու աշխատանքները։ Այդ նպատակով «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի YAC ծրագիրը կայուն համագործակցության հեռանկարներ էր խոստանում տղաներին։ Հայրենի Գավառում հանրօգուտ գործ անելու Սարգսի ցանկությունը և գործը մինչև վերջ հասցնելու բնատուր համառությունը դարձան այն գրավականները, որոնք նրա նախագիծը հաջողությամբ պսակեցին։ «ITM Technologics» անվամբ նախագիծը հավանության արժանացավ «Ջինիշյան» hիշատակի հիմնադրամի կողմից և ֆինանսավորվեց YAC ծրագրի շրջանակներում: Այդ նախագծի նպատակն է Գավառում ստեղծել տեխնոլոգիական նորարարությունների մի հարթակ, որտեղ կհամախմբվեն քաղաքի ու շրջակա գյուղերի պատանիները և ձեռք կբերեն ռադիոէլեկտրոնիկայի ոլորտի բազային գիտելիքներ, կիրառական հմտություներ։ Բացի այդ, Սարգիսն ու իր ընկերները մինչ օրս նպատակադրված աշխատում են նաև այնպիսի նոր գաղափարների շուրջ, որոնց միջոցով կկարողանան ստեղծել որևէ արտադրանք կամ ծառայություն՝ դրա համար օգտագործելով իրենց ձեռքի տակ եղած նյութատեխնիկական բազան: Գավառի երեխաներին օգնելու Սարգսի նախագիծը սկզբնավորման օրվանից մագնիսի նման իրեն է ձգել ոչ միայն պատանիներին։

Ուստի, պատահական չէ, որ նրա նախաձեռնությունը հետագայում ունեցավ նաև այլ աջակիցներ։ Օրինակ, Գավառի քաղաքապետարանի աշխատակիցները սիրով արձագանքեցին Սարգսի առաջարկներին` ցուցաբերել օժանդակություն քաղաքի պատանիներին ինժիներատեխնիկական գիտելիքներ և կիրառական հմտություններ փոխանցելու գործում։ Արդյունքում՝ քաղաքապետարանը տրամադրեց համապատասխան տարածք` ուսումնական կենտրոն-լաբորատորիայի գործունեությունը կազմակերպելու համար։ Արդեն մեկ տարի է, որ շաբաթական երկու անգամ մոտ 30 երեխա խանդավառությամբ հաճախում են կենտրոն, ձեռք բերում համապատասխան գիտելիքներ ու փորձում դրանք կիրառել առօրյա կյանքում։ Ներկայումս երեխաներն արդեն կարողանում են գլուխ հանել բարդ էլեկտրոտեխնիկական սխեմաներից և տարբեր դետալներ զոդելու, հավաքելու միջոցով՝ դրանք վերածել աշխատող մեխանիզմների։ Դա է պատճառը, որ Գավառի այդ պատանիներն այսօր դարձել են իրենց քաղաքի ու նաև երկրի առաջընթացի առաջամարտիկները։ Սարքերին ու ռոբոտներին կյանք պարգևելով՝ գյուտարար Սարգիսն ու նրա կենտրոնում սովորող երեխաներն արդեն մեկ տարի է, ինչ ուրախությամբ ու սիրով են լցնում իրենց միջավայրը։ Սակայն, նրանք չեն նկատում, որ հենց այդ սարքերն ու ռոբոտներն են իրականում կյանք տալիս իրենց, քանի որ դառնում են սիրո ու բարության տարածման պատճառ։

Սարգսի երազանքները վաղուց արդեն դարձել են կոնկրետ նպատակներ։ Նա չի պատրաստվում բավարարվել միայն հայրենիքի հանդեպ այն մի քանի պարտավորություններով, որոնք Հայաստանում իրենց ուսերի վրա կրում են երիտասարդ քաղաքացիները։ Զինված ուժերում ծառայությունից և բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսանելուց հետո նա իր շրջապատում այսօր տարբեր աշխատանքներ կազմակերպելիս հանդես է գալիս ոչ միայն որպես բոլորին օգնող ընկեր, այլև՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներից մեկը Գավառ քաղաքում։ Ինչպես իր նախագծած և Գավառի պատանիների օգնությամբ պատրաստած իմաստուն սարքերը, Սարգիսը ձեռք է մեկնում բոլոր նրանց, ովքեր ունեն իր կարիքը։

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը շատ ուրախ է, որ նմանապես կարողանում է ձեռք մեկնել բոլոր այն խանդավառ ու նպատակասլաց երիտասարդներին, ովքեր ուզում են գեղեցկացնել մարդկային աշխարհը՝ բարություն, հանդուրժողականություն ու սեր սփռելով։