Կա մարդու երկու տեսակ՝ ըմբոստ և սովորական: Ինձ ի սկզբանե ներշնչել են, որ ես առաջինն եմ, ուստի բանավեճն ինձ համար հարազատ տարերք է: Երբ ես փոխադրվեցի 9-րդ դասարան ինձ հնարավորություն ընձեռնվեց ցուցադրելու իմ նպատակասլացությունը բանավեճի ակումբի շնորհիվ: Եվ դեռևս չկազմավորված, բայց ինքնավստահ ու նպատակասլաց 13 տարեկան երեխան սկսեց ձեռք բերել բանավիճելու հմտություններ: Նա միանգամից հասկացավ, որ մանկուց իրեն տրված բնորոշումը ճիշտ էր. ես ունակ էի բանավիճելու: Բայց ես ստիպված եղա թողնել ինձ այդքան հոգեհարազատ միջավայրը և խառնվել հոսանքին:
Դպրոցական կյանքի մնացած մասն անցավ հանգիստ, առանց ցնցումների, բայց պակասում էր այն ոգևորությունն, որը կար յուրաքանչյուր բանավեճի ժամանակ, և որի կարիքն ես իրոք ունեի: Եվ այսպես անցավ 2 տարի և ինձ թվում էր, որ իմ երբեմնի բանավիճելու ձիրքը մահացել է: Եվ ես չգիտեի, որ ԲՈՒՀ-ում կունենամ հնարավորություն վերգտնելու ուժերս և վերադառնալու բանավիճային հարթակ: Տեղյակ չէի, որ ուսանողներն էլ են բանավիճում, բայց երբ իմացա, ուրախությանս սահման չկար: Առաջին իսկ խաղին ես հանդիպեցի վաղուց, դեռևս դպրոցական բանավեճերից ծանոթ դեմքերի, զգացի այն, ինչ զգում էի, երբ դեռ դպրոցական էի: Խաղից խաղ ինքնավստահությունս սեփական ուժերիս հանդեպ վերադառնում էր, արդեն հասունացել էի լուրջ թեմաների շուրջ բանավիճելու, ոչ թե ուղղակի լեզվակռվի մեջ մտնելու համար:
Բանավեճի ակումբն ինձ տվեց այն, ինչի կարիքն ես շատ ունեի՝ սեփական տեսակետը պաշտպանելու ունակություն ու հմտություն, ինչն ես համոզված եմ կօգտագործեմ դեռ շատ ու շատ տարիներ:
Ավետիսյան Օֆելյա,
«Ուսանողների քաղաքացիական ներգրավվածություն-ուսանողական բանավեճի ակումբներ» ծրագրի շահառու