Սույն թվականի նոյեմբերի 20-21-ին «Քաղաքացիական ներգրավվածություն - ուսանողական բանավեճեր» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ուսանողական բանավեճերի հանրապետական մրցաշարը: Երևանից և ՀՀ մարզերից (Գյումրիից, Կապանից, Վանաձորից, Իջևանից, Գորիսից, Գավառից) ուսանողական թիմերը հավաքվեցին Երևան քաղաքում` եզրափակիչ բանավեճերի համար: Ուսանողները բանավիճեցին և պաշտպանեցին իրենց տեսակետներն այնպիսի կարևոր հասարակական խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են` կոռուպցիայի դեմ պայքարն, ընտանեկան բռնությունը և Հայաստանի ինտեգրումն Եվրամիությանը:
Ուսանողական բանավեճի հանրապետական մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս եկան երկու թիմ` Գավառի պետական համալսարանի թիմը և Երևանի հավաքական ուսանողական թիմը և բանավիճեցին «Հայաստանը պետք է ինտեգրվի Եվրամիության մեջ» թեմայի շուրջ: Բանավեճում հաղթող ճանաչվեց Երևանի հավաքական ուսանողական թիմը: Գավառի պետական համալսարանի թիմը զբաղեցրեց 2-րդ մրցանակային տեղը: Հաղթողներին շնորհվեցին պատվոգրեր և շքանշաններ:
Ծրագրի շրջանակներում Գյումրիում, Կապանում, Վանաձորում, Իջևանում, Գորիսում, Գավառում և Երևանում ստեղծվել էին ուսանողական բանավեճերի ակումբներ, որոնցից յուրաքանչյուրը ներառում էր 40 ուսանող: Նախքան եզրափակիչ բանավեճն ուսանողները մասնակցել էին 21 միջհամալսարանական բանավեճի:
«Քաղաքացիական ներգրավվածություն - ուսանողական բանավեճեր» ծրագիրն իրականացվեց «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ) կողմից և համաֆինանսավորվեց «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) Երևանյան գրասենյակի կողմից: Ծրագրի նպատակն էր խթանել քաղաքացիական ակտիվությունը և բանավեճի ակումբների զարգացումը Հայաստանում: