ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը՝ (ՋՀՀ) «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիան» և Սուրբ Սարգիս բարեգործական կազմակերպության հետ համագործակցությամբ՝ ՀՀ Սյունիքի մարզում բնակվող՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական կարգավիճակը բարելավելու նպատակով ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ տնտեսական գործունեություն սկսելու կամ զարգացնելու։
Ծրագրին կարող են դիմել միայն ՀՀ Սյունիքի մարզում վերաբնակեցված արցախահայ ընտանիքները, որոնք Սյունիքի մարզում իրականացնում են կամ պլանավորում են իրականացնել տնտեսական գործունեություն։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է տրամադրել ֆինանսական օժանդակություն՝ անտոկոս վարկի և դրամաշնորհի համադրությամբ, որը հասանելի է լինելու 40 շահառու-ընտանիքի համար։
Ընտանիքների ընտրությունը կիրականացվի նախապես սահմանված չափորոշիչներով՝ առաջնահերթությունը տալով բազմազավակ ընտանիքներին, որոնք նաև աչքի կընկնեն իրենց աշխատասիրությամբ։
Ծրագիրը բաղկացած է հետևյալ փուլերից․
ՓՈՒԼ 1. նախնական հետազոտություն
Նախորդ երկու ամսվա ընթացքում ՋՀՀ ծրագրային թիմը ՀՀ Սյունիքի մարզի հինգ խոշորացված համայնքներում իրականացրել է հետազոտություն, որի ընթացքում ՀՀ Սյունիքի մարզում վերաբնակված արցախահայ ընտանիքների շրջանում անցկացվել է նախնական հարցում՝ իրավիճակը գնահատելու և ծրագրային հետագա քայլերը առավել նպատակային պլանավորելու նպատակով։
ՓՈՒԼ 2․ հայտերի ընդունում
Ծրագրային այս փուլում իրականացվում է հայտերի ընդունման գործընթաց։ Հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո ՋՀՀ ծրագրային թիմը՝ ձևավորված հանձնաժողովի հետ համատեղ՝ ըստ սահմանված չափորոշիչների իրականացնելու է ծրագրի մասնակիցների նախնական ընտրություն, որոնք անցնելու են ուսումնասիրության ավելի խորքային փուլ։
ՓՈՒԼ 3. խորքային հարցազրույցներ և գնահատում
Ծրագրային երրորդ փուլի ընթացքում ՋՀՀ ծրագրային աշխատակիցները այցելելու են նախնական ընտրությունն անցած՝ ՀՀ Սյունիքի մարզում բնակվող արցախահայ ընտանիքներին՝ տեղում ծանոթանալու, անհատապես, մանրամասն հարցազրույցներ վարելու և անհրաժեշտ ուսումնասիրություններ կատարելու նպատակով։
ՓՈՒԼ 4․ վարկի տրամադրում
Մանրամասն ուսումնասիրության արդյունքում վերջնական ընտրությունն անցած ծրագրային շահառուների տվյալները փոխանցվելու է գործընկեր վարկային կազմակերպությանը։ Վարկային կազմակերպությունը կիրառելով իր առկա գործիքակազմը՝ գնահատելու է շահառուների կողմից ներկայացրած տնտեսական գործունեության հնարավորություններն ու ռիսկերը։ Վերջինիս կողմից իրականացված ուսումնասիրությունից հետո՝ խոչընդոտների բացակայության դեպքում, շահառումերիի հետ կնքվելու է վարկի տրամադրման մասին պայմանագիր իսկ Հիմնադրամը սուբսիդավորելու է վարկից առաջացած ամբողջ տոկոսագումարը։ Շահառուն վերադարձնելու է միայն մայր գումարը:
ՓՈՒԼ 5. դրամաշնորհի տրամադրում
Վարկային պայմանագրով ստացած գումարի նպատակային օգտագործումից, ինչպես նաև շահառուի կողմից վարկային պարտավորությունն անթերի մարելուց հետո՛ միայն շահառուն կկարողանա ստանալ իրեն հասանելիք դրամաշնորհը, որն ամբողջությամբ ուղվելու է վերջինիս տնտեսական գործունեության հետագա զարգացմանը։ Հետևաբար, դրամաշնորհը հասանելի է դառնալու ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքին՝ միա՛յն վարկային պարտավորությունը մարելու դեպքում։
Ծրագրի ընթացքում և դրա ավարտից հետո ՋՀՀ աշխատակազմը իրականացնելու է շահառու ընտանիքի տնտեսական գործունեության և ընթացիկ վարկային պարտավորության մշտադիտարկում։
Ծրագրի շահառու հանդիսացող անձանց ձեռնարկատիրական գործունեության հմտությունները բարելավելու նպատակով հնարավորություն է ընձեռվելու՝ մասնակցել ՋՀՀ կողմից իրականացվող ձեռնարկատիրական հմտությունների բարելավման մի շարք ծրագրերի։
Ծրագրին մասնակցելու հայտը լրացնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով` https://forms.gle/Jo5aLtjMzdUzhrNo7 ։
Հայտի լրացման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի մարտի 16-ը։
Մանրամասնների համար զանգահարել ՋՀՀ գրասենյակ ՝ 098544417 հեռախոսահամարով կամ գրել էլեկտրոնային նամակ հետևյալ հասցեին՝ [email protected] ։